ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը պատրաստ է դիմակայել տարածշրջանում առկա մարտահրավերներին և կայունության երաշխավոր է Կովկասում: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն: Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: «Ռազմակայանը մարտունակ է և պատրաստ է ՀՀ ԶՈւ հետ համատեղ դիմակայել անվտանգության առկա մարտահրավերներին»,-ասել է Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստանցի նախարարը նշել է Մոսկվայի և Երևանի փոխգործակցության աճող տեմպերն ու առաջարկել է հաստատել 2020-ի երկկողմ ռազմական գործակցության ծրագիրը: «Նախատեսում ենք նույնքան ինտենսիվ շարունակել մեր գործակցությունը: 2020-ի երկկողմ գործակցության ծրագիրը ավելի քան 60 համատեղ միջոցառում է նախատեսում: Առաջարկում եմ հաստատել այն»,-ասել է Շոյգուն: ՌԴ նախարարը նշել է, որ ՌԴ-ն ու Հայաստանը հաջողությամբ գործակցում են ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում: Շոյգունմ նշել է նաև, որ ՌԴ-ն բարձր որակավորման ռազմական կադրեր է պատրաստում ՀՀ համար: «ՌԴ բուհերում 246 հայ զինծառայող է ուսում ստանում»,-ասել է Շոյգուն: Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով: Նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ: