Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը սկսել է քարոզարշավը
Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը սկսել է քարոզարշավը: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է.
«Քարոզարշավի մեկնարկի օրը ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը եւ քաղաքական ընդդիմախոսների արժանապատվությունը վիրավորելու անթույլատրելիությունը, ինչի մասին քանիցս առիթ եմ ունեցել խոսելու նախընտրական պատրաստությունների շրջանում։ Հենց այս սկզբունքներն ենք դրել «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ձեւավորման ու համագործակցության հիմքում։
Քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին մեկ անգամ եւս կոչ եմ անում հրաժարվել նաեւ ֆեյքային պատերազմից ու զանազան մանիպուլյացիաներից։ Պետք է հասկանալ, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու եւ հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է եւ ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։
Ինքս մաքուր խղճով ու բացճակատ եմ սկսում քարոզարշավը, նույնը ակնկալելով մյուսներից։
Բարի երթ բոլորին»: