ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջև փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական և գործընկեր պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն ավելի կամրապնդվի՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների: Հայաստանն իր արտաքին քաղաքական ուղենիշներում արևմտյան և ռուսական ուղղություններին զուգահեռ պետք է ակտիվացնի արևելյան ուղղությունը` հաշվի առնելով Չինաստանի գեոպոլիտիկ շահերը Հարավային Կովկասում: Հայաստանը Չինաստանի համար կարող է դառնալ զսպող պլացդարմ ընդդեմ Անկարայի պանթուրքիստական և պանիսլամական քաղաքականության: Չինաստանն ունի ույգուրական խնդիր և այդ հարցում Թուրքիային զսպելու քաղաքականությունը կարող է միավորող գործոն հանդիսանալ հայ-չինական կապերի ամրապնդման համար: Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը՝ չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ: Ույգուրական անջատողականությունը և ծայրահեղ իսլամականների գործողությունները բավականին երկար ժամանակ ապակայունացնող գործոն են Չինաստանի համար: Բացի գեոպոլիտիկ ընդհանուր շահերից, ՀՀ-ն պետք է ներգրավվի չինական ներդրումները հայկական տնտեսության մեջ: Չինաստանն ակտիվացնում է Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն ու Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան ուղղությամբ դուրս է գալիս Սև ծով, Թուրքիա և եվրոպական շուկաներ: ՀՀ-ն պետք է չինական ներդրումներ ներգրավվի Հայաստան-Իրան երկաթգծի, Հյուսիս-Հարավ միջանցքի մեջ: Չինաստանն ունի դաշնակցային կապեր Իրանի հետ և Իրան-Հայաստան տանդեմի ակտիվացումն ու այդ կերպ նաև Հարավային Կովկասում իր տնտեսական և գեոպոլիտիկ դիրքերի ամրապնդումը բխում է Պեկինի շահերից: ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է ավելի մեծ տեղ հատկացնի Չինաստանին ու ակտիվացնի իր ջանքերը հատկապես տնտեսական բաղադրիչն երկկողմ հարաբերություններում ամրապնդելու համար: