Սամվել Բաբայանի բացահայտումը Գառնիկ Իսագուլյանի ու Վիտալի Բալասանյանի վերաբերյալ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունն առ այն, որ Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է:
Անդրադառնալով Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակելու վերաբերյալ վերջին օրերին տարածված լուրերին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մարտի 4-ին LiveNews.am կայքին տված հարցազրույցում պնդել էր, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Նման լուրեր մինչ այդ տարածվեցին նաև Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի վերաբերյալ: Վերջինս անձամբ հերքեց այդ տեղեկատվությունը: Նշենք, որ Արցախում սպասվող նախագահական ընտրություններում Սամվել Բաբայանի կուսակցությունը պաշտպանում է Մասիս Մայիլյանի թեկնածությունը:
«Ինչպես արդեն ասվել է մամուլի ծառայության նախորդ հրապարակումներում, Ս.Բաբայանն իր մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ պաշտոնական տեղեկության չի տիրապետում, ուստի չի կարող հերքել կամ հաստատել այն: Եթե Գ. Իսագուլյանը՝ ի դեմս իր հովանավորյալների, ստանձնել է պաշտոնական աղբյուրի դերը, նշանակում է նախ ջանացել է կազմակերպելու Ս. Բաբայանի մուտքի սահամանափակումը, ապա ակտիվորեն շրջանառության մեջ դրել այդ մասին տեղեկությունը», - ասված է Սամվել Բաբայանի գրասենյակի պարզաբանման մեջ:
Հարցազրույցի մեջ Գ. Իսագուլյանն անդրադառնում է նաև իր և Սամվել Բաբայանի պայմանավորվածությանը՝ նշելով, որ դրա խախտման արդյունքում է սահմանափակվել նրա մուտքը: «Մի քանի հանդիպումների և հեռախոսային զրույցների ընթացքում նույն համառությամբ Իսագուլյանը Բաբայանին առաջարկել էր նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին՝ խոստանալով բավականին գայթակղիչ պաշտոններ:
Առաջնորդվելով պետական մտածողությամբ և անդավաճան մնալով «հայ ժողովուրդը ընտրություններից պիտի դուրս գա համախմբված» սկզբունքին՝ Ս. Բաբայանը նպատակահարմար չգտավ համագործակցել Վ. Բալասանյանի հետ՝ փոխարենը սատարելով Մասիս Մայիլյանին, ինչով և պայմանավորված է Ս. Բաբայանի և Մ. Մայիլյանի դեմ ծավալված քարոզչական արշավը», - ասված է պարզաբանման մեջ: