Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել՝ հայտնելով դրա մասին Facebook-ի իր էջում: «Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս...»,- գրել է նա: Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար: Ավելի ուշ Խաչիկյանը, այդուհանդերձ, խոսեց իր հրաժարականի պատճառների մասին՝ նշելով, որ իր հրաժարականի պատճառը նախարարի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությունն էր։ «Հրաժարական ներկայացնելու առաջարկը եղել է նախարարի կողմից, ես այդ թիմում չեմ տեղավորվում»,- ասել է նա: