Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց, որ Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի:
Այս մասին Անանայանն ասաց ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցի, որ արտահանման նպատակով Հայաստան են ներմուծվել հազարավոր ավտոմեքենաներ, սակայն ԵԱՏՄ կարգավորումներով պայմանավորված` բախվել են խնդրի:
«Հիմա՝ կարգի փոփոխությունից հետո, նրանք չեն կարողանում դրանք վաճառել Հայաստանից դուրս: Այդ մարդիկ վարկեր են վերցրել, և ստեղծված իրավիճակով պայմանավորված` չեն կարողանում դրանք փակել»,- ասաց պատգամավորը՝ հարց ուղղելով ՊԵԿ նախագահին, թե արդյոք պետությունը ինչ-որ բան անո՞ւմ է այդ մարդկանց վիճակը թեթևացնելու համար:
Դավիթ Անանյանը հայտարարեց, որ արդեն ներկրված ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի:
Նա նաև նշեց, որ պետությունն անելիք ունի այն ավտոմեքենաների պարագայում, որոնք մարդիկ դեռ չեն հասցրել ներկրել Հայաստան․ «Խոսքը վերաբերում է այն ավտոմեքենաներին, որոնց տերերը չեն հասցրել մինչև հունվարի 1-ը դրանք ներկրել Հայաստան, և հիմա ստիպված են նոր կարգով մաքսազերծում անել: Այդ մեքենաների թիվը հասնում է 800-1000-ի»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ այս հարցի կարգավորման համար պետությունը ԵԱՏՄ շրջանակներում որոշակի բանակցություններ է վարում:
ՊԵԿ նախագահը, սակայն, տեղեկություն չհայտնեց բանակցությունների վերաբերյալ: «Լիազորված չեմ որևէ բան ասելու: Բացի դրանից, վերջնական տեղեկություն չունեմ այն մասին, թե բանակցությունները որ փուլ են հասել: Ամեն դեպքում մենք այդտեղ որոշակի կառուցողական պարտականություն ունենք, որը փորձում ենք իրականացնել»,- ասաց նա:
Այս տարվա հունվարից Ղազախստանի իշխանությունների կիրառած սահմանափակումների պատճառով ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում կտրուկ դանդաղել է: Խնդիրը Հայաստանի առաջարկով քննարկվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:
Հայաստանում 2019-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արտոնյալ ռեժիմով պայմանավորված՝ ավտոներկրման բում է գրանցվել: Ոլորտում ներգրավված հայաստանցիների թիվը ոչ պաշտոնական տվյլաներով հասել է 20 000-ի: 2018-ի համեմատ՝ 2019-ին Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ ավելի ավտոմեքենա՝ 189 000։ Այդ մեքենաների հիմնական շուկան Ղազախստանն էր։