Փարպիի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման համար կտրամադրվի շուրջ 300 մլն դրամ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շուրջ 300 միլիոն դրամ է նախատեսել Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու վերականգնման համար։ Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասվում է, որ ավարտվել են եկեղեցու հիմքերի ամրակայման աշխատանքները, մեկնարկել է պատերի որոշ հատվածների վերաշարման փուլը։
«Եկեղեցին թվագրվում է 4-ից 5-րդ դարերով, Հայաստանի քրիստոնեական ամենավաղ կառույցներից մեկն է։ Սկսած 2023թ-ից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվում են վերականգման աշխատանքներ։ Մինչ այդ եղել էր նախագծի պատվերը և վերանայվել էր դեռևս 80-ական թվականներին իրականացված նախագիծը,որով նախատեսվում է մասնակի վերականգնել, ամրակայել, նորոգել բարեկարգել տարածքը»-,նշել է ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Հուշարձանագետ Հրաչյա Թարխանյանի խոսքով՝ չափագրումներից և պատմությունից որոշակի տեղեկություններ հայտնի են եղել,բայց չեն ակնկալել, որ պեղումների ընթացքում կբացահայտվեր նման պատմական շերտ։ «Ծխնիների վրա բարավորներով և բազայով ստեղծել են մուտքի դուռ, դռան ճիշտ հետևում գաղտնամուտքն է, որը ստորգետնյա անցումով տանում է դեպի Փարպիի ձոր։ Մենք գիտեինք,որ կա մուտք, բայց թե ուր է այն տանում, չգիտեինք։ Պատերը շարված են կոպտատաշ խոշորածավալ բազալտե քարերով, իսկ նույնատիպ մեծ խոշորածավալ սալերով ծածկն է արված»,- ասաց նա։
Եկեղեցին ժամանակին նաև պաշտպանական կառույցներ է ունեցել՝ ապահովելով համապատասխան տեղաշարժի հնարավորություն զինվորների համար։ Ըստ ԿԳՄՍ Նախարարության՝ նախագիծը մշակվել է այնպես, որ նույնիսկ հին քարերի փոխարինման դեպքում պահպանվի վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը։