ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար», - ասված է որոշման մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով: Թեև պաշտոնապես չէր հայտարարվել, թե Հայաստանում ինչ պաշտոն է ստանձնելու, սակայն մամուլը գրում էր, որ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։ Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ 2014-ին է դարձել։ Սինանյանը մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների քննադատությամբ։ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցել է Նիկոլ Փաշինյանին։