24.11.2024
Սպանության փորձ, գողություն, թմրամիջոցի հայտնաբերում. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ավարտեց հերթական քառօրյան

Մարտի 6-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:


Պատգամավորները քվեարկություններով ընդունել են նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագիծը, որին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Նախագծով առաջարկվում է հստակեցնել այն պաշտոնատար կամ այլ անձանց շրջանակը, որոնք կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ կարծում էին, որ հարցն օրենսդրորեն կարգավորված է, եւ կարիք չկա փոփոխություններ կատարելու, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները նշում էին, թե օրենքի կարգավորումները տարընթերցումների տեղիք են տալիս, եւ պատգամավորները չեն կարողանում տեսակցել ձերբակալված անձանց հետ: Քվեարկության արդյունքում այն ընդունվեց 70 կողմ ձայներով:


Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Համազասպ Դանիելյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 907-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածում օրացուցային օրերի համար»: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի մարտի 1-ից:


Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունները դրական էին:


Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ՀՀ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արգիշտի Մեխակյանի ներկայացրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը քաղաքացիների կողմից գույք օտարելիս այն գնորդին առանց գույքահարկի պարտքերի հանձնելն է: Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության եզրակացությունը դրական էր:


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել համայնքների վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պայմանական սեփականության իրավունքով պատկանող հողամասերի օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքները համապատասխան համայնքային բյուջեներ վճարելու ընթացակարգերը: Այդպիսով Հայաստանի համայնքները ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքով հողամասերի հետագա օտարման ժամանակ կստանան վճարվող կադաստրային արժեքի գծով եկամուտները, որն էական ազդեցություն կունենա համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա:


Գլխադասային հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի եւ Գեւորգ Պապոյանի մշակած «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արժանացել է գլխադասային հանձնաժողովի եւ Կառավարության հավանությանը: Առաջարկվում է պարտադիր դարձնել հողամասը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ հողի հարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:


«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու համար ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի հանրությանը հասանելի դարձնել հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները:


Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն: Նշվել է, որ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացվել են որոշակի մտահոգություններ նախագծի մի քանի դրույթների հետ կապված, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ երկխոսությունը՝ բնականաբար, կշարունակվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Ըստ բանախոսի՝ նախագիծն ուղղված է հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության ապահովմանը, որը կնպաստի դրանց գործունեության նկատմամբ վստահության ամրապնդմանը: Արթուր Հովհաննիսյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:


Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները եւս կարեւորել են հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը, միաժամանակ ընդգծելով, որ պետք է պաշտպանվի դրանց գործունեության ազատությունը:


«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ ըստ առաջարկվող փոփոխությունների, հիմնադրամների գործունեության հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր ու դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափերի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների մասին,ինչպես նաեւ կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում: Ներկայում հիմնադրամների կողմից հաշվետվությունները հրապարակվում են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am-ում, այնուհետեւ գրավոր ծանուցում են ՊԵԿ-ին: Նախագծով առաջարկվել է վերացնել ծանուցման գործառույթը, իսկ հիմնադրամների համար ամբողջականացվելու է նոր էլեկտրոնային հարթակ եւ հնարավորություն է ընձեռվելու հաշվետվությունները հրապարակել ՊԵԿ-ի՝ www. taxservice.am կայքէջում: Դավիթ Անանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով առավել դյուրացվում է հաշվետվությունների ներկայացման գործընթացը:


Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նա առաջարկել է կողմ քվեարկել:


«Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Համաձայնագրով, որը ստորագրվել է 2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում, նախատեսվում է ԵԱՏՄ եւ ՉԺՀ մաքսային սահմաններով ապրանքների եւ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ համագործակցության կազմակերպում, ինչը թույլ կտա դյուրացնել տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձեւակերպումներն ու արագացնել մաքսային հսկողության իրականացումը, ինչպես նաեւ նվազեցնել ԵԱՏՄ եւ ՉԺՀ մաքսային տարածք վտանգավոր կամ այնպիսի ապրանքների ներմուծման հետ կապված ռիսկերը, որոնց տեղափոխումն արգելված է կամ սահմանափակվում է մաքսային հսկողության միջոցով:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ հանձնաժողովը օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:


«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը: Ըստ բանախոսի՝ սփյուռքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստան մշտական բնակության՝ իրենց հետ բերելով անձնական օգտագործման ապրանքները: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ընդլայնել արտոնությունից օգտվող անձանց շրջանակներն ու դյուրացնել ընթացակարգերը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա Հայաստան վերադարձող ավելի մեծ զանգվածի օգտվել մաքսային արտոնություններից, ինչն էլ իր հերթին կնպաստի թե՛ երկրում բնակչության թվի աճին, թե՛ տնտեսական հնարավոր ներդրումներին եւ թե՛ ներգաղթին:


Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը: Կարեւորելով նախաձեռնությունը՝ նա նշել է, որ այն նաեւ կխթանի հայրենադարձությունը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:


Հարակից զեկույցում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:


ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ` եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի եւ Ղրղզստանի կառավարությունների կողմից 2019 թվականին: Փաստաթղթով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը: Զեկուցողի խոսքով՝ համաձայնագրի ընդունումը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը:


Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը: Ըստ նրա՝ համաձայնագիրը կնպաստի կողմերի միջեւ համագործակցության զարգացմանը, հարկային դաշտի մեխանիզմների դյուրացմանը, կստեղծի իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան շահառուների՝ տնտեսական գործունեության ազատության համար, ինչպես նաեւ կխթանի ԵԱՏՄ շրջանակում տվյալ բնագավառին առնչվող համատեղ ծրագրերի մշակումը ու իրականացումը:


Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված նախաձեռնությունները:


Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: