15.06.2026
Երեւանն ու Մոսկվան պետք է անցնեն միութենական պետության ձեւաչափի. Ուրիխանյան
01.02.2021
Երեւանն ու Մոսկվան պետք է անցնեն միութենական պետության ձեւաչափի. Ուրիխանյան

Հայաստանը պետք է հետեւողականորեն խորացնի ռազմաքաղաքական եւ տնտեսական գործընկերությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հայտարարել է «Ալյանս» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նրա խոսքով, Երեւանն ու Մոսկվան պետք է զբաղվեն փոխադարձ ինտեգրմամբ եւ անցնեն միութենական պետության ձեւաչափին, սակայն Հայաստանը պետք է անկախ միավոր մնա: Ուրիխանյանը վստահ է, որ ինչպես Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցության խորացումն այլընտրանք չունի, այնպես էլ տարածաշրջանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը հանրապետության անվտանգության տեսանկյունից ևս այլընտրանք չունի: «Մենք այլընտրանք չունենք, քանի որ ոչ մի այլ երկիր մեզ չի առաջարկում համագործակցություն, առավել ևս՝ անվտանգության միասնական համակարգի ձևավորում, միացյալ զորքերի նոր ձևաչափ, Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանություն։ Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ որեւէ այլ կազմակերպություն կամ երկիր պաշտոնական Երեւանին համագործակցության նման պայմաններ չի առաջարկել եւ չի առաջարկում», - պարզաբանել է նա։ Դրա հետ մեկտեղ հարց է առաջանում՝ արդյոք Ռուսաստանը կցանկանա միութենական պետություն, քանի որ, ըստ Ուրիխանյանի, Ռուսաստանն ունի իր շահերը, որոնք պետք է քննարկել, բայց Հայաստանի գործող իշխանություններն ի վիճակի չեն դա անել։ Ընդ որում, նա «Ալյանս» կուսակցության անունից պատրաստակամություն է հայտնել առաջին հերթին մասնակցել արտահերթ ընտրություններին, երկրորդ՝ խորհրդարան անցնելու դեպքում բանակցություններ վարել այդ թեմայի շուրջ։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նման քննարկումներ անցկացնելու համար որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը։ «Պետք է վերանայվեն հարաբերությունները մի շարք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ, որը ոչ բարեկամական մոտեցում է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ Արցախում պատերազմի ժամանակ», - պարզաբանել է Տիգրան Ուրիխանյանը: