ԵՄ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական պատժամիջոցների ցանկը՝ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ապօրինի հորատման համար: Այս մասին ասված է այդ հարցի քննարկման արդյունքներով գագաթնաժողովի եզրակացություններում, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։ «ԵՄ-ի ղեկավարները Խորհրդին հանձնարարել են լրացուցիչ ցուցակները համաձայնեցնել 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման հիման վրա, որը վերաբերում է սահմանափակող միջոցների՝ կապված Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի հորատման հետ», - ասված է փաստաթղթում: ԵՄ-ն կշարունակի պաշտպանել իր շահերն ու անդամ պետությունների շահերը, նշվում է եզրակացություններում: Ներկայում գործում են ԵՄ-ի անհատական պատժամիջոցները Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն երկարաձգել է այդ պատժամիջոցների գործողությունը մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը: Ապօրինի հորատման համար պատժամիջոցների ցուցակում այժմ Թուրքիայի երկու քաղաքացի կա։ Այդ անձինք, ԵՄ-ի կարծիքով, պատասխանատու են Միջերկրական ծովի արեւելյան մասում օգտակար հանածոների արդյունահանման պլանավորման եւ կառավարման համար, որոնց համար Կիպրոսի կողմից թույլտվություն չի եղել: Միջոցները նախատեսում են ԵՄ տարածք նշված անձանց մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը եվրոպական գագաթնաժողովի նախօրեին արձանագրել է Թուրքիայի գործողությունների դրական դինամիկայի բացակայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքները, եթե դրական փոփոխություններ չտեսնի: