Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել նախկին զինակից, իսկ այժմ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:
Այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը պայծառ ապագա կունենան, ինչին հաջորդեցին ծափահարությունները: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները հոտնկայս ծափահարում էին վարչապետին:
Հարց ու պատասխանի ընթացակարգի շրջանակներում անկախ պատգամավոր, նախկինում իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Գոռ Գևորգյանն ամոթանք է տվել վարչապետին՝ նշելով, որ ամոթ է զգում պարտված պատերազմի և համազգային սգի պայմաններում այդ ծափահարությունների համար։
«Դուք գոնե պետք է կանգնեցնեիք ձեր թիմակիցներին», - հայտարարեց Գեւորգյանը: Պատգամավորը նաև փորձեց ճշտել վարչապետի արած մի քանի հայտարարությունները, սակայն Փաշինյանը չպատասխանեց հարցերին։
«Եթե դուք ամոթ եք զգում, որ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Արցախի ապագային, դա ձեր անձնական խնդիրն է։ Լսեք ձեր բերանից «ձեր թիմակիցներ» ձեւակերպումը շատ խորհրդանշական է: Դուք գոնե հիշո՞ւմ եք, թե ինչպես եք այստեղ ընդհանրապես հայտնվել»,- հայտարարեց վարչապետը՝ ակնարկելով, որ Գևորգյանը չէր հայտնվի խորհրդարանում, եթե չընդգրկվեր իշխող դաշինքի ցուցակներում։ «Որտեղի՞ց եք եկել։ Դուք ո՞վ եք»,- նշեց վարչապետը:
«Ես ձեր հարցերին չեմ պատասխանի։ Անհրաժեշտ չեմ համարում։ Կներեք, բայց քանի որ դուք օգտագործում եք «ձեր թիմակիցներ» ձևակերպումը, ապա ստիպված եմ նշել, որ դուք ընդհանրապես իրավունք չունեք այնտեղ նստել և հարցեր տալ։ Դուք դրա իրավունքը չունեք։ Ես մտադիր չեմ պատասխանել ձեր հարցերին: Ես նույնիսկ չեմ լսել ձեր հարցերը:
Եվ այո, մենք ծափահարում ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ապագային։ Մենք հարգում ենք մեր զինվորների հիշատակը՝ ծնկի իջնելով, իսկ ձեր էժանագին մեթոդներն անընդունելի են։ Հիշեք, թե որտեղից եք եկել, ինչպես եք եկել», - չդադարեց վրդովվել Փաշինյանը։