ՀՀ-ն պայմանավորվել է ՌԴ-ի հետ "Սպուտնիկ V"-ի 1 մլն չափաբաժին ձեռք բերելու շուրջ. նախարար
Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնության է հասել Երեւանի կողմից ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 մլն չափաբաժին ձեռք բերելու շուրջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցանկանում եմ նշել, որ բարձր մակարդակի պայմանավորվածություն կա Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութի 1 մլն չափաբաժին ձեռք բերելու մասին», - ասել է նա: Նախարարի խոսքով, հաշվի առնելով այլ պայմանավորվածությունները, Հայաստանում հնարավոր են համարում մինչեւ տարեվերջ պատվաստել բնակչության մինչեւ 20 տոկոսը:
VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճել է 1075-ով և հասել 205128-ի։ Վերջին տվյալներով՝ վերականգնվել է 184243 հիվանդ, բուժվում է 16134։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից մահացել է 3794 մարդ, եւս 957-ը մահացել են այլ հիվանդությունների պատճառով, սակայն նրանց մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել: