5.10.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը պահանջում է ադրբեջանցուն փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ

Լուսանկարը` VERELQ
Լուսանկարը` VERELQ

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած զինված միջադեպը, երբ տեղացի կինն իր տանը բախվեց սահմանահատ ադրբեջանցի զինվորականի հետ, ի ցույց դրեց հայկական ուժային կառույցների աշխատանքի լրջագույն բացթողումները։


Խորհրդարանական ընդդիմությունը կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդում է իշխանությունների վրա՝ մեղադրելով նրանց իրական սահմանների պաշտպանությունը սեփական փիառով և քաղաքական հետապնդումներով փոխարինելու մեջ։


Ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը տեղի ունեցածը որակել է որպես պետական գերատեսչությունների հանցավոր անգործություն՝ անհատականացնելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԱԾ տնօրենի Անդրանիկ Սիմոնյանի պատասխանատվությունը։


Պատգամավորին հատկապես վրդովեցրել է այն փաստը, որ հայկական կողմը սահմանախախտի մասին իմացել է ադրբեջանական ԱԱԾ-ից, իսկ երկօրյա անարդյունք որոնումների ընթացքում բնակչությանը չի զգուշացրել վտանգի մասին՝ «խաղաղության միֆը» չխաթարելու նպատակով։


«Պետությունը փաստացի իր հիմնական ֆունկցիան՝ ժողովրդի անվտանգության ապահովումը, պատվիրակել է ժողովրդի վրա: Շաքիի բնակիչը ստիպված է եղել անձամբ պաշտպանել իր երեխաներին», - հայտարարել է Գրիգորյանը։ Նա իշխանություններին խստագույնս զգուշացրել է զերծ մնալ հանցագործին որպես «բարի կամքի դրսևորում» հանձնելուց՝ շեշտելով, որ դա կարող է տեղի ունենալ բացառապես հայ գերիների վերադարձի պայմանով։


Գործընկերոջ դիրքորոշումը կիսել է նաև պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ ուշադրություն հրավիրելով իրավապահների երկակի ստանդարտների վրա։ Նա տարակուսանք է հայտնել, թե ինչու են ուժայինները հատուկ երաժշտության տակ ցուցադրում ընդդիմադիրների դաժան ձերբակալությունները, սակայն թաքցնում են խաղաղ բնակչի տուն ներխուժած զինված օտարերկրացու վնասազերծման կադրերը։


«Ինչի՞ Գագիկ Ծառուկյանի տուն մտնելիս գետնին են գցում ու այդ ամենը ցուցադրում, իսկ հայ ընտանիք մտած, կնոջ վրա կրակած ադրբեջանցուն չեն ցույց տալիս ինչպես են բռնում: Որովհետև դա կարող է վնասել իրենց խաղաղության օրակարգին», - նշել է Քոչարյանը։


Խորհրդարանականը նաև հիշեցրել է, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին նման դեպքերն ուղղակի բացառված էին, քանի որ սահմանախախտները հստակ գիտակցում էին իրենց գործողությունների ճակատագրական հետևանքները։