5.10.2026
Լուսանկարը` nss.gov.am
prev Նախորդ նորություն

Շաքիի բնակիչը պատմել է` ինչպես է փրկել իր երեխաներին ադրբեջանցի զինծառայողից

Լուսանկարը` 1in.am
Լուսանկարը` 1in.am

Սյունիքի մարզի Շաքի գյուղում մայրը պայքար է մղել իր տուն ներխուժած և երեխաներին պատանդ վերցրած զինված ադրբեջանցի զինծառայողի դեմ։ Թեև կինը ծանր հրազենային վիրավորումներ է ստացել և կորցրել ձախ ձեռքի երեք մատները, նրան հաջողվել է պաշտպանել իր ընտանիքին։


Անի Ավետիսյանի վիճակն այժմ կայուն է, սակայն նրան առջևում սպասվում են բարդ վիրահատություններ։ Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, բժիշկները ստիպված են եղել հեռացնել ոտքի 8 սանտիմետր փշրված ոսկորը՝ ինֆեկցիայից խուսափելու համար։


«Բժիշկն ասաց, որ երկու բուռ մենակ բեկորներն ու փշրանքներն են հեռացրել։ Զարմանալի է, թե ինչ զենք է եղել, որ այսքան վնաս է հասցրել»,- նշել է Արփին՝ հավելելով, որ վնասված են նաև քրոջ ծունկն ու ջիլերը, իսկ ոտքը կկարճանա 8 սանտիմետրով։ Չնայած ցավերին՝ Անին գիտակցության է և, հիշելով դեպքերը, ասում է. «Նորից կխփեի, դանակը կոտրվեց»։


Սարսափելի միջադեպը սկսվել է, երբ 15-ամյա տղան և 12-ամյա աղջիկը դպրոցից վերադարձել են տուն և նկատել կոտրված ապակին։ Ներսից փակելով դարպասը՝ նրանք ահազանգել են մորը, սակայն տուն մտնելուն պես հանդիպել են բազմոցին պառկած զինված սահմանախախտ Նասիմի Մուսաևին, ով խլել է նրանց հեռախոսները։


Ճանապարհին ոստիկանություն զանգահարած մայրը հասել է տուն և, երբ ադրբեջանցին փորձել է վերալիցքավորել ինքնաձիգը, դանակով հարձակվել է նրա վրա։ Երբ մայրն ուշագնաց է եղել, անչափահաս որդին բռունցքով հարվածել է զինվորականի գլխին, ինչի հետևանքով կոտրել է սեփական դաստակն ու մատները։


Ընտանիքն այժմ ծանր հոգեբանական ցնցման մեջ է, երեխաները գիշերները չեն քնում։ Արփի Ավետիսյանը խորը վրդովմունք է հայտնել, որ պետական մարմինները գյուղացիներին նախապես չեն զգուշացրել փախստական ադրբեջանցու մասին։


«Ոչ ոք ոչինչ չի ասել։ Եթե քույրս տեղյակ լիներ, ո՞նց կթողեր իր երեխաները մենակ տուն գնան», - հարցնում է նա։ Արփին քննադատել է նաև գյուղապետին, որը ծանր բազմաբեկորային վնասվածքները հանրությանը ներկայացրել է որպես «կրունկի թեթև վնասվածք»։ Հարազատները մտավախություն ունեն, որ իշխանությունների նման անլուրջ մոտեցման պայմաններում երկու ամսով կալանավորված ադրբեջանցուն կարող են պարզապես ազատ արձակել։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` news.am
05.10.2026
ԱՄՆ փոխպետքարտուղարը հիացած է Հայաստանի քրիստոնեական ժառանգությամբ