Նախազգուշացումից մինչև հեռացում. ինչպես կպատժվեն խախտող պատգամավորները
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հայաստանի խորհրդարանը նպատակադրվել է բարձրացնել քաղաքական երկխոսության մշակույթը՝ հստակեցնելով պատգամավորական էթիկայի խախտման համար նախատեսված պատժամիջոցների մեխանիզմները։
Գլխավոր նպատակը, սակայն, ոչ թե զուտ պատժիչ գործողություններն են, այլ ժողովրդի ընտրյալների վարքագծի բարձր ստանդարտների արմատավորումը։
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը մանրամասնել է կարգապահական միջոցների կիրառման ընթացակարգը։ Նրա խոսքով՝ հնարավոր պատժամիջոցների շարքում են նախազգուշացումը, մեկ նիստի ընթացքում խոսափողից ելույթ ունենալու իրավունքից զրկումը, ինչպես նաև նիստերից հեռացումն ու մինչև յոթ օր խորհրդարանի դահլիճ մուտք գործելու արգելքը։
«Էթիկայի հանձնաժողովի հիմնական նպատակը ոչ թե պատգամավորներին պատժելն է, այլ Հայաստանում պատգամավորական էթիկայի մակարդակը բարձրացնելը», - ընդգծել է Կարապետյանը։ Նա հավելել է, որ դիմումների ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը կազմում է եզրակացություն և ԱԺ նախագահին ներկայացնում կարգապահական միջոց կիրառելու առաջարկություն։
Խոսելով ընթացակարգային նրբությունների մասին՝ հանձնաժողովի ղեկավարը պարզաբանել է, որ խմբակցություններն իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում փոխարինելու իրենց անդամներին՝ աշխատանքների բնականոն ընթացքն ու քվեարկությունն ապահովելու համար։
«Նիստը կարող է սկսվել երեք պատգամավորի ներկայությամբ, սակայն որոշում ընդունելու համար անհրաժեշտ է հինգ կողմ ձայն։ Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը», - եզրափակել է նա։