Այն հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի է, թե ոչ, պետք է չպատասխանեն Հայաստանի իշխանությունները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան հաշվետվությունը։
Նրա խոսքով՝ պատմությունը եւ, մասնավորապես, վերջին պատերազմը հստակ պատասխան են տալիս այդ հարցին։ «Սա քննարկման առարկա չէ։ Այո, Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են, նրանք նաև մեզ թշնամի են համարում։ Հարցն այլ է: Ինչ ենք անելու այդ թշնամանքի հետ», - հարց տվեց վարչապետը։ Փաշինյանը նշել է, որ կարևոր է պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ թշնամանքը սրելու, փոխադարձ բնաջնջման տրամադրություններն ավելացնելու ճանապարհով պետք է գնալ։
«Ես կարծում եմ, որ ոչ։ Բայց ես նաև կարծում եմ, որ նրանք էլ չպետք է դա անեն։ Մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ նրանք մեզ թշնամիներ չեն։ Բայց, կներեք, և նրանք չեն կարող դա անել։ Ընդհանուր առմամբ, նույնիսկ փոխադարձ հիմքի վրա մենք չենք կարող որոշել, որ մենք թշնամիներ չենք, քանի որ պատմականորեն արդեն այդպես է ստացվել։ Այլ հարց է, թե ինչ ենք մտադիր անել ապագայում։ Մենք այդ թշնամանքը կառավարելի շրջանակների մեջ կմտցնենք, թե թույլ կտանք անկառավարելի լինել», - ասել է նա:
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում համարում են, որ այս տարածաշրջանը պետք է դառնա հավերժ պատերազմի տարածք։ «Այսօր աշխարհում կան երկրներ, որոնք միմյանց թշնամի են համարում, ընդ որում՝ նրանց փոխադարձ առևտրի ծավալները հասնում են տասնյակ միլիարդ դոլարի։ Կան երկրներ, որոնք նույնիսկ տարածքային վեճ ունեն, բայց միմյանց հետ առեւտուր են անում, զարգացնում են զբոսաշրջությունը, դիվանագիտական հարաբերություններ ունեն», - ասել է նա։
Առկա թշնամանքը, կարծում է վարչապետը, պետք է մտցվի կառավարելի շրջանակների մեջ։ Դա պետք է արվի շատ զգույշ, առանց հապշտապ եւ հետ նայելու, քանի որ այդ գործընթացը պետք է լինի փոխադարձ: