Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։
Այդ մասին ասել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Ըստ այդմ Միկոյանի խոսքով, այսօրվա ելույթը բացառություն չէր։ «Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։ Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», - ասել է նա։
Ի՞նչ է ասել Փաշինյանը
Խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տապալել են ղարաբաղյան բանակցային գործընթացը:
«Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 1998-ին դավաճանություն էին համարում նույնիսկ փուլային կարգավորման մասին խոսակցությունները, իսկ 2018-ի դրությամբ Հայաստանը ստացել է «Առաջին փուլի հռչակագիրը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը» վերնագրով փաստաթուղթ», - ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ իր հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանության ղեկին թուրք գործակալներ լինեին, իրենք կանեին այն, ինչ անում է գործող իշխանությունը: Փաշինյանը, չթաքցնելով հույզերը և գրեթե անցնելով ճիչերի, հայտարարեց, որ եթե 1998-ին իշխանության գար թուրք գործակալը, նա առաջին հերթին Արցախը դուրս կբերեր բանակցությունների սեղանից՝ հույս ու երաշխիքներ տալով Ադրբեջանին, որ նա կհասնի իր նպատակին։
Ստեփանակերտը դուրս մղելով կարգավորման գործընթացից՝ այդ ժամանակ գործող իշխանությունները փաստացի հասկացրեցին, որ հոգու խորքում Արցախը համարում եմ ադրբեջանական տարածք, կարծում է Փաշինյանը։
Նրա խոսքով, միայն «թուրք գործակալներին» էր ձեռնտու խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում գնդակահարվեցին խոսնակ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով մեծ ներդրում ունեցավ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի գործում: