Փաշինյանը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրել է ստի մեջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման արդյունքների հաշվետվությունը, անդրադարձել է 44-օրյա պատերազմին:
Նրա խոսքով՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները՝ հնարավոր չէ չանդրադառնալ սեպտեմբերի 27-ից սկսած եւ 44 օր տեւած Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Փաշինյանն ընդգծեց, որ անցած պատերազմի մասին շատ ու մանրամասն է խոսվել: Այնուամենայնիվ, վարչապետն այսօրվա ելույթը լավ առիթ է համարել ռազմական գործողությունների ավարտից հետո տարածվող շահարկումներին և ապատեղեկատվություններին անդրադառնալու համար։
«Կցանկանայի սկսել Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարությունից։ Այն ժամանակ դեռ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ ռազմական գործողությունների չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր կորուստներն ու զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ այստեղ ես մեջբերում եմ. «Առաջիկա 3-4 օրերին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել եւ դադարեցնել պատերազմը»», - ասաց Փաշինյանն ու հերթեց Գասպարյանի այդ հայտարարությունը:
«Ես կցանկանայի այս ամբիոնից պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այս կետն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի», - հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ նման բան Օնիկ Գասպարյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում չի ասել: Նա հիշեցրել է, որ խորհրդի նիստի ընթացքում բոլոր հայտարարությունները մտցվում են նիստի արձանագրության մեջ, ավելին՝ կատարվում է նիստի ձայնագրություն: «Անվտանգության խորհրդի նիստում, խոսքը սեպտեմբերի 30-ի նիստի մասին է, նա հակառակն էր պնդում։ Ասել է, որ հակառակորդն իր դիրքերում չի շարժվել, իսկ Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները և դրանք կատարելու են մինչև վերջ», - ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Օնիկ Գասպարյանը չէր կարող հայտարարություններ անել, որի մասին խոսում է մի պարզ պատճառով՝ Ազգային անվտանգության խորհրդի 2020 թվականի օգոստոսի 21–ի նիստում նա զեկուցել է, որ երկրի զինված ուժերն առկա ռեսուրսներով ի վիճակի են հետ մղել Արցախի ուղղությամբ հակառակորդի ցանկացած հարձակում: