Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Անջեյ Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը և կարևորել համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Հանդիպման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի և «Վարշավայի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ միջև համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել: