29.09.2024
Փաշինյանն ու Միշելը Ալիևի հետ արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել
14.12.2021
Փաշինյանն ու Միշելը Ալիևի հետ արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման: Երկուստեք ընդգծվել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումների ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի կարևորությունը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում: ՀՀ վարչապետը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: