Սարգսյան. ՀԱՊԿ-ի լռությունը Բաքվի սադրանքներին հարվածում է կազմակերպության հեղինակությանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, քննադատել է կազմակերպության անդամ երկրների պասիվությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճի վերավերյալ, որի արդյունքում զոհվում են ոչ միայն զինվորականներ, այլ նաև քաղաքացիական անձիք:
ՀԱՊԿ անդամ երկրների լռության համատեքստում նա օրինակ է բերել ՆԱՏՕ-ի ակտիվ կեցվածքն իր անդամ պետությունների պաշտպանության տեսանկյունից՝ հատկապես Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումից հետո: "Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք", - ասել է նախագահը:
Իհարկե, ցանկացած երկիր, ընդունում է Սարգսյանը, ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն "մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին"։ "Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը", - հայտարարել է նախագահը։
Ադրբեջանի քաղաքականությունը, ըստ Սարգսյանի, ուղղված է կոնֆլիկտի սրացմանը, և Դուշանբեի նստաշրջանից հետո իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև ավելի լարված բնույթ է ստացել։ Ադրբեջանական կողմը չի սահմանափակվում ծանր հրետանու կիրառմամբ, այդ թվում՝ թուրքական արտադրության։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ․ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր և շատ վտանգավոր մակարդակի։ Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»: