Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է. Փաշինյան
Ֆոտո. armenpress.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Դիլիջանում անցկացվող գործարար համաժողովի ընթացքում ունեցած ելույթում։
«Այս քննարկումը ինձ համար այն մասին է, թե ինչպես ենք մենք միասին՝ կառավարությունը և մասնավոր հատվածը, սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է։ Ամեն անգամ սա ասելիս՝ ավելի համոզված եմ ասում, որովհետև տնտեսական զարգացումը կամ դրանից բխող էֆեկտներն են, որ մեզ պետք է հնարավորություն տան կամ սահմանափակեն մեր հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու։ Եվ այս առումով, իհարկե, ես շատ կոնկրետ խնդիր ունեմ. այս աշխատաժողովի արդյունքում ինձ համար կարևոր է հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրներ կան, որ խնդիրներն են, որ կային և այլևս չկան, որ խնդիրներն են, որ եղել են և շարունակում են լինել, ինչ նոր խնդիրներ են առաջացել և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք այսօրվա քննարկումը դարձնել արդյունավետ»,- մանրամասնել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ կցանկանար, որպեսզի ՀՀ կառավարության, օրենսդիր մարմնի, մյուս գործընկերների համար լիներ մեկ պլատֆորմ՝ առաջիկա անելիքների օրակարգ ձևավորելու և այդ օրակարգի շուրջ աշխատելու համար այն տրամաբանությամբ, որ և կառավարության, և գործարար համայնքի տեսանկյունից ընկալվեր, որ ՀՀ պետական շահը սպասարկելուն ուղղված ընդհանուր ճանապարհային քարտեզ կա, և այդ ճանապարհային քարտեզի շուրջ կա որոշակի համաձայնություն և ընդհանուր ըմբռնում։ «Հույս ունեմ, որ այս քննարկումը տեղի կունենա հենց այս տրամաբանությամբ, և մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով և մենք կհասկանանք, թե կառավարության ծրագրերը որքանով և ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից»,- եզրափակեց վարչապետը։