19.04.2025
Ֆոտո. armenpress.am
prev Նախորդ նորություն

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլար

Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 18-ին հաստատել է 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ։


Ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ և օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված յոթ համայնքների բնակիչներին և այցելուներին։ Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը նպատակ ունի հասցեագրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա հիմնական սահմանափակումները:


Ակնկալվում է, որ ծրագիրն ամեն տարի կունենա ավելի քան 1 միլիոն շահառու՝ ներառյալ բնակիչներն ու այցելուները՝ շնորհիվ բարելավված ճանապարհների և քաղաքային ենթակառուցվածքի ընդլայնված հասանելիության, ինչպես նաև ընտրված վայրերում առավել զարգացած զբոսաշրջային փորձառության։


Ծրագիրը կօգնի առավելագույնի հասցնել մայրաքաղաքից դուրս գտնվող զբոսաշրջային գոտիների տնտեսական և աշխատատեղերի ստեղծման ներուժը: Սա հնարավոր  կլինի իրականություն դարձնել՝ խթանելով զբոսաշրջային այնպիսի փորձառություններ, որոնք ավելի կայուն և երկարաժամկետ եկամուտներ են ապահովում,  ինչպես նաև զբոսաշրջության արժեշղթայում բիզնեսի և մասնագիտական ​​հմտությունների կատարելագործման միջոցով։


Այս ջանքերը կնպաստեն նաև բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և թիրախային շրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը: «Բարելավելով  ենթակառուցվածքները և խրախուսելով կայուն զբոսաշրջությունը՝ այս ծրագիրը ոչ միայն հիմնական ուղղությունները կդարձնի ավելի գրավիչ, այլև կօգնի ստեղծել աշխատատեղեր և խթանել տեղական տնտեսական աճը: Ծրագիրը համահունչ է Հայաստանի համար առաջիկա հինգ տարիների Համաշխարհային բանկի «Երկրի գործընկերության շրջանակին», որն ուղղված է արտահանման և բիզնեսի մրցունակության բարձրացմանը, մարդկանց կարողությունների և տնտեսությանը մասնակցելու հնարավորությունների ամրապնդմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ավելի լավ ու երկարաժամկետ կառավարման ապահովմանը», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:


Ծրագիրը նաև կուժեղացնի զբոսաշրջության ոլորտում ներգրավված հաստատությունների կարողությունները, կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունը և կթանի աղետների նկատմամբ դիմակայունությունը յոթ զբոսաշրջային գոտիներում՝ Արենիում, Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում և Եղեգիսում։Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին:


 


 

Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար