15.04.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է բերել լուրջ տնտեսական հետևանքների ՀՀ-ի համար. Սամվել Կարապետյան

Լուսանկարը` Տաշիր
Լուսանկարը` Տաշիր

Մոսկվայում տեղի ունեցած գործարար համաժողովում Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի վերակողմնորոշումը Եվրասիական տնտեսական միությունից դեպի Եվրոպական միություն լուրջ տնտեսական ռիսկեր է պարունակում, հատկապես էներգետիկ ոլորտում։


Ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կողմից կազմակերպված բիզնես-համաժողով, որտեղ հայկական բիզնեսի ավելի քան երկու հարյուր ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից քննարկել են ժամանակակից աշխարհաքաղաքական և տնտեսական պայմաններում բիզնեսի զարգացման արդի խնդիրներն ու հեռանկարները։


Ողջույնի խոսքով հանդես է եկել «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, որն ընդգծել է հայ գործարար համայնքի միասնության և համախմբվածության կարևորությունը, որը մնում է Հայաստանի տնտեսական բարգավաճման հիմքը։


«Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ գործարարները ոչ միայն ամրապնդում իրենց դիրքերը բիզնեսում, այլև ակտիվորեն աջակցում իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարելով տնտեսության առանցքային ոլորտներում, խթանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը», — նշել է Կարապետյանը։


Իր ելույթում ՀԳԱ ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի տնտեսական հարաբերություններին ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ։ Նրա խոսքով, 2024 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է և հասել 12,7 մլրդ դոլարի, մինչդեռ Եվրամիության հետ առևտուրը կրճատվել է 14%-ով՝ կազմելով ընդամենը 2 մլրդ դոլար։ Այս տվյալները, ըստ Կարապետյանի, հստակ ցույց են տալիս, որ հենց ԵԱՏՄ-ն է ապահովում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական մասը և հանդիսանում է նրա տնտեսական կայունության հիմքը։


«ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի Եվրոպական միություն կողմնորոշվելու փորձերը կարող են հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների», — ընդգծել է գործարարը։


Կարապետյանը նաև շեշտել է Ռուսաստանի դերը որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր. «Այսօր Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգառեսուրսների առանցքային մատակարարն է։ Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն և կայացած խողովակներով՝ Հայաստանի համար ձեռնտու պայմաններով։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, գների և մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը կհանգեցնի գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման»։


Իր ելույթն ամփոփելով՝ «Տաշիրի» հիմնադիրն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ «Մենք կարող ենք և պետք է գործող համաձայնագրերի շրջանակներում շարունակենք խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, սակայն առանց վտանգի տակ դնելու մեր ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Հայաստանի ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշների վրա հիմնված հավասարակշռված և մտածված որոշումներից», — եզրափակել է Կարապետյանը։

Լուսանկարը` Getty Images
Հաջորդ նորություն next