15.04.2025
Լուսանկարը` Տաշիր
prev Նախորդ նորություն

Կրակոցներ Երևանի կենտրոնում. սպանության փորձի դեպքով քրեական գործ է հարուցվել

Լուսանկարը` Getty Images
Լուսանկարը` Getty Images

Ապրիլի 14-ի գիշերը Երևանի կենտրոնում՝ Փավստոս Բյուզանդ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում, տեղի է ունեցել կրակոցներ, որի հետևանքով տուժել է մեկ մարդ։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ սպանության փորձի համար։


Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների դեպքով քրեական գործ հարուցելու մասին։ Միջադեպը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների հատկանիշներով, որոնք նախատեսում են պատասխանատվություն սպանության փորձի, զենք ապօրինի կրելու և խուլիգանության համար։


Ըստ ստացված տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը 01:50-ի սահմաններում։ Ոստիկանության պարեկային ծառայությունում հաղորդում է ստացվել Մաշտոցի պողոտայում կրակոցների և տուժած քաղաքացու մասին։


Նախնական տվյալների համաձայն, կրակոցները հնչել են Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց։ Դեպքի վայրում բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայում գտնվող տղամարդուն, այնուհետև նրան տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց։ Տուժածի մոտ ախտորոշվել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում, և նա գտնվել է անգիտակից վիճակում։


Բացի «Cadillac»-ից, որի դիմապակին վնասվել էր, տուժել է նաև կողքին կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան։


Դեպքի վայր ժամանած պարեկները 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածներում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ և արնանման հետքեր։


Քննությունը շարունակվում է, իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next