15.04.2025
Լուսանկարը` Getty Images
prev Նախորդ նորություն

Աբրահամյան. «Իշխանությունները ղարաբաղյան հարցում առաջ են մղում ադրբեջանական օրակարգը»

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը ԱԳՆ շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ արցախցիների խնդիրներն ուղղակիորեն կապված են Հայաստանի անվտանգության հետ, իսկ երկրի ներկայիս իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանի, այլ ոչ թե հայ ժողովրդի շահերը։


Ապրիլի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ուղղված արցախյան հարցով իշխանությունների պաշտոնական դիրքորոշման դեմ։


Մասնակիցների թվում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր արցախցիների կողմից բարձրացվող հարցերը վերաբերում են ոչ միայն Արցախի և նրա բնակիչների կենսական խնդիրներին, այլև ուղղակիորեն կապված են Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ։


«Իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը։ Այն չի ծառայում հավաքական հայերի հետաքրքրություններին և, բնականաբար, այդ տեսանկյունից մեզ համար առաջնային է այս իշխանության փոփոխությունը», — ընդգծեց պատգամավորը։


Աբրահամյանը նշեց, որ այս իշխանության որևէ հայտարարություն չի կարող մարդկանց համար լինել հավաստի։ «Եթե մենք սպասենք, թե իրենք ինչ են ասում, բնականաբար, Հայաստանը կշարունակի գլորվել ներքև։ Հայաստանի իշխանությունն ավելի շատ ներկայացնում է ադրբեջանական օրակարգը, իր բոլոր գործողությունները ծառայեցրել է Ադրբեջանի շահերին», — հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։


Ավելի վաղ այս ակցիայի ժամանակ «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը նույնպես արտահայտել էր իր անհամաձայնությունը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի կառավարության դիրքորոշման հետ՝ հայտարարելով, որ ոչ ոք իրավունք չունի խոսելու «Արցախի հիմնախնդրի էջը փակելու» մասին։