Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման ֆոնին հայ իրավապաշտպանները դիմել են Հայաստանի ԱԳՆ՝ առաջարկելով Շվեյցարիային վստահել Բաքվում պահվող հայ գերիների հյուպատոսական պաշտպանության իրավունքը։ Այս քայլը կարող է կարևոր մեխանիզմ դառնալ իրավական և հումանիտար աջակցության համար՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։
«Իրավական ուղի» և «Արցախի ժողովուրդների շահերի և իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունները մարտին դիմել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ առաջարկելով Շվեյցարիային վստահել Ադրբեջանում պահվող հայ գերիների հյուպատոսական պաշտպանությունը։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնել է «Իրավական ուղի»-ի համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, գրում է ՍիվիլՆեթը:
Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն հաստատել է, որ հարցը քննարկման փուլում է, ինչպես հյուպատոսական իրավունքի փոխանցման, այնպես էլ հնարավոր երրորդ երկրի ընտրության առումով։
Սահակյանը ընդգծել է, որ հարցը դարձել է առավել հրատապ այն բանից հետո, երբ մարտին Ադրբեջանը հայտարարեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման մասին։ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որն այցելում էր Բաքվում պահվող հայ գերիներին և կապ ապահովում նրանց ու ընտանիքների միջև։
Նրա խոսքով՝ այս ծառայությունների դադարեցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Հյուպատոսական իրավունքը ընդգրկում է ոչ միայն կալանքի պայմանների մոնիթորինգը, այլև բժշկական, իրավաբանական ու հումանիտար աջակցության տրամադրումը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի վերահսկումը։
Որպես չեզոք երրորդ կողմ՝ իրավապաշտպաններն առաջարկել են Շվեյցարիային։ Սահակյանը նշել է, որ այս ընտրությունն հիմնավորված է Շվեյցարիայի խորհրդարանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունած բանաձևով, որի համաձայն՝ երկիրը պատրաստ է երկխոսության հարթակ ստեղծել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Սա, նրա խոսքով, կարևոր նախադրյալ է նաև արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման համար։
Համաձայն 1963 թ․ Վիեննայի հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում պետությունը կարող է երրորդ երկրի միջոցով իրականացնել իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը։ Նման մի օրինակ եղավ 1979-ին, երբ ԱՄՆ-ը Շվեյցարիային վստահեց իր քաղաքացիների պաշտպանությունը Իրանում իսլամական հեղափոխությունից հետո։
2023 թվականի սեպտեմբերի պատերազմից և Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարներին՝ այդ թվում երեք նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, պետնախարարին և ռազմական հրամանատարությանը։ Բաքուն պաշտոնապես հաստատում է առնվազն 23 հայ պատանդի ներկայությունը։