Կալիֆորնիայի նահանգային սենատն ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է նահանգի և Հայաստանի միջև առևտրային ներկայացուցչության բացում: Ինչպես նշում է Asbarez-ը, օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնությամբ: Վերջինս մանրամասնել է, որ շատ ուրախ և հպարտ է նահանգային սենատում այս օրինագծի առաջխաղացման կապակցությամբ և անհամբեր սպասում է ներկայացուցչության հիմնմանը: «Կալիֆոռնիան տնտեսական ոլորտի առաջատարն է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կարևոր բաղկացուցիչը: Սա օգտակար կլինի և՛ Կալիֆորնիայի, և՛ Հայաստանի համար»,-ասել է Պորտանտինոն: Աղբյուրը մանրամասնում է, որ առևտրային ներկայացուցչությունը կգտնվի Հայաստանում և կծառայի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի զարգացմանը: Asbarez-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նահանգային սենատն այսպիսի ներկայացուցչություն հիմնելու որոշում էր ընդունել, սակայն Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2007թ. չեղարկել էր այն: