12.07.2025
Արցախը վերահսկում է շփման գծում իրավիճակը, Բաքուն գործընթացը տանում պատերազմի. Միրզոյան
18.09.2017
Արցախը վերահսկում է շփման գծում իրավիճակը, Բաքուն գործընթացը տանում պատերազմի. Միրզոյան

Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցերը՝ շփման գծում կայուն իրավիճակ ապահովելու համար: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովին հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Նրա խոսքով, այդ քայլերը շարունակվում են ձեռնարկվել, սակայն «ցավոք, մենք չենք կարող բացառել մարդկային զոհեր»: Նրա կարծիքով, շփման գծում զոհերի բացառելը հայկական կողմերից կախված չէ: «Դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք նման հակառակորդ», - նշեց ԱԳ նախարարը՝ հավաստիացնելով, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ մարդկային կորուստները նվազագույնին հասցնելու համար։ Նախարարն ասաց նաև, որ շփման գծում իրավիճակը լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ և այդպիսին էլ շարունակելու է մնալ։ Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ չնայած հայկական երկու պետությունների խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, որոնք օժանդակությունն են ստանում նաև հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների կողմից, Ադրբեջանը շարունակ փորձում է հիմնահարցը լուծել հօգուտ իրեն՝ չխորշելով ռազմական ճանապարհից: «Իր բոլոր քայլերով, հատկապես 2016 թ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը մեծացնում է լարվածությունը հակամարտության գործում, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետևողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջև և վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը», - ասաց Արցախի արտգործնախարարը։ Կարեն Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանը սանձազերծել է սպառազինությունների իսկական մրցավազք, ինչը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։ «Ստեղծված պայմաններում մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնի», - ընդգծեց Կարեն Միրզոյանը՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ: «Արցախն ամբողջությամբ դուրս չի մղված բանակցություններից, համանախագահները հաճախակի այցելում են Արցախ, հանդիպում մեր պետության ղեկավարների հետ, սակայն լիարժեք բանակցային գործընթաց վերադարձը կարեւոր է: Չէ, որ հենց Արցախի բանակցային գործընթացում մասնակցության ժամանակ ձեռք են բերվել այնպիսի հիմնարար պայմանավորվածություններ, որոնք մինչեւ այժմ գործում են», - եզրափակեց նա: