ՀՀ կառավարությունը հույս ունի մոտակա ժամանակներս ակտիվացնել տնտեսական կապերն Իրանի հետ, ինչի համար կան բոլոր նախադրյալները: Այդ մասին լրագրողներին հայտնել է միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Թեհրան էր այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը, հանդիպումներ են անցկացվել երկու երկրների գործարարների միջև և նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները: Գաբրիելյանը կարծում է, որ շփումների որոշակի ակտիվացում նկատվում է նաև այժմ: Օրերս Իրան էր այցելել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը: Իրանցի գործարարների հետ հանդիպմանը քննարկվել էր Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցերը: Այդ թեման արծարծվել է նաև երկու երկրների նախահների միջև նախորդ կիրակի կայացած հեռախոսազրույցի ընթացքում: