27.11.2024
Լավրով. Հույս ունենք, որ հարաբերությունները կկարգավորվեն
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է պայմանավորվածությունների կյանքի կոչում

Մենք չպետք է թույլ տանք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Այս մասին Սոչիում ընթացող ՍԾՏՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ, ցավոք, ականատեսը դարձան, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,- ասել է նախարար Նալբանդյանը։

Անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, Էդվարդ Նալբանդյանը կարևորել է միջտարածաշրջանային փոխադրումների, տրանսպորտային համակարգերի զարգացումը, ՍԾՏՀԿ օղակաձև մայրուղու հիմնական երթուղու երկարաձգումը մինչև կազմակերպության բնագավառային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի սահման, բեռնային և ուղևորատար լաստանավային փոխադրումների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Նրա խոսքով, հայ մասնագետներն իրենց ներդրումն են ունեցել դեպի միջազգային շուկաներ ՍԾՏՀԿ փոքր և միջին ձեռնարկությունների դուրս գալու համար ուղիների մշակման, համացանցի միջոցով առևտրի և առևտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման հարցերում:

Նալբանդյանը նաև ասել է, որ Հայաստանը հանդես է գալիս նաև էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին և
կողմնակից է միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։

Նշենք, որ հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք բանաձևեր, որոշումներ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ Իսկ նիստի ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Սերբիային: