Թեև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած բանակցություններից անցել է հաշված օրեր, սակայն իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում մնում են շատ լարված: Շատերի սպասումները, որ նախագահների մակարդակով բանակցություններից հետո հնարավոր կլինի նվազեցնել լարվածության աստիճանը, դեռևս չեն արդարանում: Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /236 արկ/, 82 /155 արկ/, 120 /23 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /4 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից /24 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը: "Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/։ ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ քայլերը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը", - ասված է հաղորդագրության մեջ: