Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը ներմուծվող էներգակիրների գների իջեցման հարցով, և ակընկալում են ստանալ հարցի դրական լուծում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ հանդիպմաը: Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, վարչապետ Աբրահամյանի հետ հանդիպմանը գործարարները պնդրել են՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Հանդիպմանը գործարարները ներկայացրել են նաև իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման և արտահանման խթանման վերաբերյալ: Աբրահամյանի խոսքով կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքներով աջակցել արտադրողներին՝ աշխատատեղերի պահպանման և ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար: Վարչապետն ընդգծել է որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից, և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները կքննարկվեն կառավարությունում և դրանց հիման վրա կմշակվեն տնտեսվարողներին աջակցության նոր քայլեր և ուղիներ: Հիշեցնենք, որ այժմ Հայաստանը ձեռք է բերում ռուսական գազն արտոնյալ գներով: Համաձայն անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական աձագագրությանը՝ ՀՀ-ի համար գազի գինը սահմանվեց 165 դոլար նախկին 1000 խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն, որը գործում էր 2013 թ.-ի դեկտեմբերից: Սակայն վերջնական սպառողների համար 1000 խմ գազն արժի 390 դոլար: Այս գումարը գոյանում է գազի առաքման և բաշխման ծախսերից, ռուսական Գազպրոմ ընկերության դուստր կազմակերպության "Գազպրոմ Հայաստանի" մարժայից և հարկերից: