29.11.2024
Ֆինանսների նախարար. Ադրբեջանն ի վիճակի է ինքնուրույն ֆինանսավորել Հարավային գազային միջանցքում իր մասնաբաժինը
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում քննարկել է հայ համայնքի խնդիրները

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Ողջունելով արտգործնախարար Նալբանդյանին՝ վարչապետ Կվիրիկաշվիլին ասաց, որ գոհունակությամբ կարելի է նշել, որ, հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, երկու հարևան երկրների միջև հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, որոնց նպաստում են բարձրաստիճան փոխայցելությունները։

Ինչպես նշում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացումը և ընդլայնումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-վրացական համագործակցության օրակարգի բազմաթիվ հարցեր՝ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, առևտրատնտեսական փոխգործակցության, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային փոխանակումների խթանման, տուրիզմի զարգացման վերաբերյալ: Այս առումով կարևորվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։

Գիորգի Կվիրիկաշվիլին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և վիրահայությանը հուզող խնդիրների շուրջ։

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման հարցերին։

Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որը հնարավորություն կստեղծի առաջ մղելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: