Համաձայն հայկական որոշ լրատվամիջոցների` Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: ԱԱԾ-ից ձերբակալելու փաստը չեն հերքում: «Ամեն ինչ մի ժամից, ես հիմա չեմ կարող խոսել», - ասում են ԱԱԾ լրատվականից: VERELQ-ի հետ զրույցում ՕՐՕ դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ նման տեղեկություն չունի: Միեւնույն ժամանակ Բաբայանի ձերբակալության փաստը հաստատում է նրա մտերիմնեից Արցախցի Հանրապետության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ: Հատկանշական է, ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ "Հրապարակ" թերթի տեղեկություններով՝ հենց այս գործի շրջանակներում էլ ձերբակալվել է Սամվել Բաբայանը: