ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջընթաց է պահանջում. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակն առաջընթաց է պահանջում: Հենց այդ պատճառով վերջերս տարբեր ձեւաչափերում կոնտակտներն ավելի հաճախակի են դարձել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Սակայն գոյություն ունի խնդրի կարգավորման գործող ձեւաչափ, որը ենթադրում է կոմպրոմիսների փնտրտուք»,- հայտնել է Զախարովան ԱԳՆ-ում հունիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, փոխզիջումների փնտրտուքը ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում, որքան էլ դրանք երբեմն հակասեն իրար: «Սա միջազգային պրակտիկա է, գտնել շփման կետեր՝ առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերում: Իրավիճակն առաջընթաց է պահանջում, ուստի վերջին ժամանակներում տարբեր ձեւաչափերում կոնտակտներն ավելի ինտենսիվ են դարձել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանն ամեն հնարավորն անում է, որպեսզի կողմերը հասնեն փոխզիջման: «Իհարկե, կցանկանայինք, որ փոխզիջումը գտնվեր որքան հնարավոր է շուտ, սակայն դա չպետք է տեղի ուեննա ի վնաս երկու ժողովուրդների, իհարկե, նաեւ այն մարդկանց, որ ուղղակի ապրում են Լեռնային Ղարաբաղում»,- եզրափակել է նա: