25.11.2024
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջընթաց է պահանջում. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կկիրառի՞ արդյոք Ադրբեջանը «ТОС» հրանետային կայանքներն Արցախի դեմ. ԱՀ ՊԲ

Այն, որ Ադրբեջանը զորավարժությունների ժամանակ ցուցադրում կամ կիրառում է ժամանակակից զինտեխնիա դա դեռ չի նշանակում, որ այն անպայման օգտագործելու է զինված բախումների ժամանակ մարտադաշտում: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:


Այս կերպ նա մեկնաբանել է սահմանային իրավիճակի և Ադրբեջանի կողմից անցակցվող վերջին զորավարժությունները, որոնց ընթացքում կիրառվում են նաև իրենց զինանոցում եղած այնպիսի զինատեսակներ, ինչպիսինք, օրինակ, «ТОС» տիպի հրանետային կայանքներն են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը:


Զորավարժությունը զինված ուժերի մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացման կարևոր բաղադրիչներից է, և այն պարտավոր է կիրառել յուրաքանչյուր բանակ,ասել է Հասրաթյանը: Նրա կարծիքով, այլ հարց է, թե տվյալ բանակը որքանով է արդյունավետ օգտագործում նշված բաղադրիչը և ինչ նպատակ է հետապնդում դրանով:


«Չէի ցանկանա թերագնահատել մեր հակառակորդի կողմից անցկացվող նման միջոցառումները, բայց նաև անհնար է չնկատել դրանց վերաբերյալ անընդհատ շրջանառվող տեղեկատվությունների հաճախականությունը, որից ավելի շատ քարոզչական և, ըստ այդմ, հոգեբանական ներազդեցության տպավորություն է ստեղծվում, քան՝ արդյունավետ գործընթացի», - նշել է նա:


Ինչ վերաբերում է զորավարժությունների ընթացքում արդիական զինատեսակների կիրառմանը, ապա, ըստ Հասրաթյանի, դա ևս բնական է:


«Ի դեպ Ադրբեջանը նման զինատեսակներ էր օգտագործում նաև ապրիլյան քառօրյային նախորդած շրջանի զորավարժություններում, սակայն կյանքը ցույց տվեց, որ մի բան է դրանց կիրառումը փորձադաշտում, մեկ այլ բան՝ մարտադաշտում: Այնպես որ մեր համապատասխան ծառայությունները ուշադիր հետևում են հակառակորդի ճամբարում տեղի ունեցող զարգացումներին և ժամանակին կատարում դրանցից բխող անհրաժեշտ քայլեր», - ասել է նա:


Միևնույն ժամանակ նա խոսել է արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին և ընդգծել, որ առաջնագծում իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո:


«Նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո ընկած զարգացումների հետ համեմատած իրավիճակը հանգիստ է: Իհարկե, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր լինում են, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ: Հիմնականում կիրառվում են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ականանետեր: Անհրաժեշտության դեպքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմում են կանխարգելիչ գործողությունների և ճնշում հակառակորդի ակտիվությունը», - ասել է բանախոսը: