25.11.2024
Փորձագետ. ԱՄՆ–ը ունի երկարաժամկետ շահեր`կարգավորելու համար ԼՂ հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Թուրքիան չեղարկել է «Ալթայ» տանկերի զագնվածային արտադրության պայմանագիրը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է թուրքական «Օթոքար» ընկերության հետ տեղական «Ալթայ» տանկերի զագնվածային արտադրության պայմանագիրը: Այս մասին հունիսի 9-ին հայտնել է թուրքական ընկերությունը: Այս մասին հայտնում է Ռազմ.ինֆոն:


Թուրքիայի ՊԱԳՎ-ից ընկերությանն ուղարկված հաղորդագրությունում նշված է եղել, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէ, ինչի պատճառով որոշում է կայացվել նոր մրցույթ հայտարարել: ՊԱԳՎ-ն նոր մրցույթի կապակցությամբ հայտարարություն դեռևս չի տարածել, ինչպես նաև չի մեկնաբանել Օթոքարի այս հայտարարությունը:


Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին, Թուրքիայի պաշտպանության նախարարը դեռ նշում էր, որ տանկերը պետք է զանգվածային արատադրության դրվեն 2019-20 թվականներից: Սակայն դրանից մեկ ամիս առաջ Թուրքիան չեղարկել էր նաև տանկերի շարժիչների արտադրության նախկինում կնքված պայմանագիրը:


Դրա հիմնական պատճառն այն է, որ ընկերությունը ձախողել է տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը արտասահմանյան ընկերությունների հետ: Այս պայմանագրի չեղարկման հետևանքով կտրուկ 10 տոկոսով նվազել է թուրքական ընկերության բաժնետոմսերի գինը Ստամբուլի բորսայում:


Ավելի վաղ՝ հունվարին, Tümosan ընկերությունը դադարեցրել է «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը ավստրիական AVL List ընկերության հետ։ Սրա պատճառն այն էր, որ Ավստրիայի կառավարությունը որոշակի սահմանափակումներ էր դրել տանկերի արտահանման հարցում՝ ինչի պատճառով համաձայնագրի իրականացումը ձգձգվել էր:


Ըստ այդմ արդեն իսկ կարելի է նշել, որ տանկերի մշակման գործընթացը նորից պետք է անցնի որոշակի փուլեր, որոնք այս նշված ընկերությունները կամ արդեն անցել էին, կամ՝ ձախողել: Սա իր հերթին մի քանի տարի ևս կարող է երկարաձգել տանկերի հնարավոր արտադրությունը:


Հիշեցնենք, որ թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկն արդեն շուրջ 10 տարի մշակում էր «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով, 2007-ին ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։


Տանկի զանգվածային արատադրությունը ամեն տարի երկարաձգվում էր, սակայն որպես հիմնական պատճառ բերվում էր շարժիչների խնդիրը: Ներկայում տանկերի մշակման գործընթացից դուրս է հանվել նաև հիմնական կապալառուն:


Հավելենք, որ թուրքական մամուլում պտտվող, սակայն դեռևս չհաստաված տեղեկությունների համաձայն, տանկերի արտադրությամբ կարող է զբաղվել BMC ընկերությունը, որը պատկանում է Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմներից մեկին: Նույն ընկերությանը 2016 թ. մարտին հատկացվել էր բավականին մեծ չափերով արտադրական տարածք:


Այս լուրերի տարածման վրա մեծ ազդեցություն ունի նաև այն, որ ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է Կատարի զինուժի արդյունաբերական կոմիտեին: Ըստ այդմ սա դիտարկվում է, որպես Կատարում բազա տեղակայելու գործարքի մաս: