24.11.2024
Տաջիկստանի նախագահը Երևան է ժամանել գործարարների հետ. մեկնարկել են բանակցությունները
prev Նախորդ նորություն

Սագսյանն արձանագրեցին. Հայ-տաջիկական հարաբերությունները պատմական նոր փուլում են

ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:


Մասնավորապես, ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին» համաձայնագրերը և «Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիրը»:


Այնուհետեև նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


«Հայտարարության հենց սկզբում ցանկանում եմ նշել, որ բանակցություններն անցել են բարեկամական և բացարձակ կառուցողական մթնոլորտում», - այսպես է սկսել Սերժ Սարգսյանն իր հայտարարությունը:


Նրա խոսքով, հանդիպմանը մանրամասն քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը, դրա զարգացման հեռանկարները, և նախանշել փոխգործակցության տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի ուղղություններն ու կոնկրետ խնդիրները: «Բարձր ենք գնահատում վերջին շրջանում արձանագրված հայ-տաջիկական հարաբերությունների դրական և կայուն զարգացման միտումը: Մենք պայմանավորվեցինք հետևողական լինել երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այն նոր մակարդակի բարձրացնելու համար», - ասել է ՀՀ նախագահը:


Նրա խոսքով, այս ամենն իր արտացոլումը գտավ ընդունված Համատեղ հայտարարությունում, համագործակցության կարևորագույն ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի պատկառելի փաթեթում, այն է՝ համաձայնագրեր հաղորդակցության և կապի, օդային հաղորդակցության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:


«Մենք դրեցինք հստակ խնդիր՝ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը մեր երկրների միջև տեսանելի ապագայում: Դրան կնպաստի Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, որին մենք մտադիր ենք ինտենսիվ բնույթ հաղորդել: Բնականաբար, բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք տարածաշրջանային և արդի միջազգային հարցերի լայն շրջանակ: Մենք սերտ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի համագործակցությունը ԱՊՀ շրջանակում և այլ բազմակողմ ձևաչափերով, և իհարկե, ՀԱՊԿ շրջանակում, որում մեր անցյալ տարվա նախագահության հերթափոխը մենք ավելի վաղ ընդունել էինք մեր տաջիկ բարեկամներից», - ասել է Սարգսյանը:


Նա նաեւ հավելեց, որ անցկացվում են խորհրդատվություններ արտաքին գործերի նախարարությունների միջև, սերտ համագործակցության մեջ են գտնվում մեր երկրների ներկայացուցչությունները միջազգային կազմակերպություններում: Ինչպես նախկինում, երկու կողմերն էլ պատրաստ են ամրապնդելու փոխադարձ աջակցությունը միմյանց ազգային շահերին առնչվող առանցքային հարցերում:


«Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ ԼՂՀ հակամարտության բացարձակապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին», - ասել է Արցախի հիմնախնդրի մասին Սարգսյանը:


Ընդգծվել է պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: «Իմ կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին լայն աջակցության անհրաժեշտությունը», - ասաց նա:


Կողմերը ուշադրության կենտրոնում են նաև պահում առևտրատնտեսական համագործակցության գործնական հարցերը, որը պետք է ընդլայնվի համատեղ արտադրության, համագործակցության միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարություններին և բարձր տեխնոլոգիաներին: «Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ հանձնարարել մեր կառավարություններին օպտիմալացնելու առևտրատնտեսական համագործակցության կառուցվածքը և բարձրացնելու դրա որակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները:


Ուրախալի է, որ երկար դադարից հետո աշխատանքները վերսկսել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը: Ակնկալում ենք, որ հանձնաժողովի համանախագահության անցումը նախարարական մակարդակի՝ կհաստատի նման որոշման անհրաժեշտությունը, իսկ բուն միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ կերպով առաջ կմղի տնտեսական կապերի ողջ համալիրը, կնպաստի դրանց հետագա դիվերսիֆիկացիային և փոխշահավետ նոր նախագծերի գործարկմանը: Այդտեղ մենք կարևոր դեր ենք հատկացնում նաև անմիջականորեն մեր երկրների գործարար համայնքներին, որոնց ներկայացուցիչները հանդիպում են այսօր կազմակերպված գործարար համաժողովի շրջանակներում», - ասել է Սերժ Սարգսյանը:


Նա նաեւ տեղեկացրեց, որ տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում քննարկվել է երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: «Այդ նախագծի շրջանակներում մենք պատրաստ ենք մեր տաջիկ բարեկամներին տրամադրել Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում ձևավորված արտոնությունների փաթեթ», - ասել է նա՝ հավելելով, որ երկուստեք վերահաստատվել է նաև կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը: «Դա նաև համագործակցություն է գիտությունների ակադեմիաների, արևելագիտական դպրոցների, աստղադիտարանների, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանակներում», - մանրմասնեց նախագահը:


Հայտարության վերջում նա ընդգծեց, որ այսօր հայ-տաջիկական հարաբերությունները գտնվում են պատմական նոր փուլում: «Տաջիկական կողմի հետ միասին մենք երկարաժամկետ հեռանկարում պատրաստ ենք շարունակելու ջանքեր ներդնել մեր գործընկերության հետևողական, կայուն և փոխշահավետ զարգացման համար: Ամփոփելով՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին բովանդակալից և արգասաբեր բանակցությունների համար: Համոզված եմ, պարո՛ն նախագահ, որ Ձեր այցը, կնպաստի մեր ժողովուրդների և երկրների միջև անկեղծ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը», - ասաց Սերժ Սարգսյանը: