ՀՀ-ն ու ԵՄ-ն ցանկանում են միասնական օդային կամուրջ ստեղծել. ընթանում են բանակցություններ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2017 թվականի հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու է Բրյուսելում:
Այցի շրջանականերում ՔԱԳՎ պետը մասնակցելու է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») հատուկ խորհրդի նիստին եւ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու) տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը:
Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության հատուկ խորհրդի նիստին նախատեսվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունը:
ՀՀ ու ԵՄ միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը նախատեսվում է վերջնականացնել համաձայնագրի մի շարք հոդվածներ, ինչպես նաեւ՝ պատրաստվել պաշտոնական բանակցությունների երկրորդ փուլին:
Եվրամիության հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի մասին բանակցությունների մեկնարկի և այդ փաստաթղթի ստորագրման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Հայաստանը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել այս հարցում, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կստորագրվի համարձայնագիրը: