Եվրախորհրդարանականները կքննարկեն Աֆղան Մուհթարլիի գործը
Աֆղան Մուհթարլիի գործը եւ Ադրբեջանում լրատվամիջոցների վիճակը կքննարկվի հունիսի 15-ին Եվրախորհրդարանի բանավեճերի ընթացքում: Մուհթարլիի գործի եւ Ադրբեջանում լրատվամիջոցների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը ներկայացրել են Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք խմբակցության անդամները:
Բանաձեւով դատապարտվում է Վրաստանում Աֆղան Մուհթարլիի առեւանգումը եւ Ադրբեջանին նրա ապօրինի հանձնումը, Ադրբեջանին կոչ է արվում հրաժարվել Մուհթարլիին ներկայացրած մեղադրանքներից, նրան ազատել եւ թույլ տալ Վրաստանում ընտանիքին միանալ:
Փաստաթուղթը կոչ է անում նաեւ Վրաստանի իշխանություններին ապահովելու Մուհթարլիի անհետացման արագ, մանրակրկիտ, թափանցիկ եւ արդյունավետ հետաքննություն:
Բանաձեւում կոչ է պարունակվում ուղղված Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել քաղաքացիական հասարակության անկախ խմբերի եւ ակտիվիստների ազատ տեղաշարժը եւ գործունեությունը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է կատարի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ մարդու իրավունքների հանձնակատարի հրահանգները իրավապաշտպանների, խաղաղ հավաքների ազատության եւ խոսքի ազատության վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղան Մուհթարլին առեւանգվել է Թբիլիսիում եւ ապօրինի Ադրբեջան տեղափոխվել: