Ախալքալաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում, կթանկանա արդյո՞ք բնական գազը, թե՞ ոչ, դեռ անորոշ է. պարզ կլինի այս տարվա հուլիսին, երբ Ազգային կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի գազի վերջնական սակագնի հետ կապված,- գրում է jnews.ge-ն:
Ախալքալաքում ամեն ամիս սպասում են, որ գազի կտրոնները կգան նոր բարձրացված սակագնով: Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն գազի սակագնի բարձրացումը չի բացառում: «Ինչ վերաբերում է սպասելիքներին՝ չի բացառվում, որ բնական գազի սակագնի գինը կբարձրանա»,- ասել է նախարարը:
Վրաստանի ջրամատակարարման և էներգետիկայի Ազգային կարգավորող հանձնաժողովը 2017թ.-ի մարտին սկսել է գազի սակագների վերանայումը: «Մենք չունենք կոնկրետ ապացույցներ, նման խոսակցություններ լսել եմ: Ավելի կոնկրետ մենք կիմանանք հուլիսի մեկից: Մինչ հուլիս կլինի հին գինը, սակայն հուլիսին սպասվում է թանկացում»,- Jnews-ին տված հարցազրույցում ասել է SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:
2005թ.-ից, գազի գները Վրաստանում չեն վերանայվել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 2015թ.-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնում է SJGC գազաբաշխիչ ընկերությունը, ներկա պահին սակագների հետ կապված ընթանում են բանակցություններ Վրաստանի և Ադրբեջանի «Սոքար» նավթային ընկերության միջև:
Այժմ բնական գազի սակագինը Թբիլիսիում կազմում է մոտ 0.46 լարի, իսկ տարածաշրջաններում 0.40-ից 0.50 լարի` 1 խորանարդ\մ-ի համար: Բարձրլեռնային Ախալքալաքում, որտեղ մինչ օրս, ոմանք ստիպված են ջեռուցում միացնել, մեկ խորանարդ\մ բնական գազի գինը ամենաբարձրերից մեկն է` 0.482 թերթի:
Հիշեցնենք, որ Վրաստանը գերթե ամբողջությամբ գազը ներկրում է Ադրբեջանից, և ինչպես մի քանի անգամ նշել է Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, Թբիլիսին ամբողջությա,բ կախված է ադրբեջանական գազից: