24.11.2024
Մյասնիկովիչ. 2021 թվականին ԵԱՏՄ-ում սպասվում Է ՀՆԱ-ի 4 տոկոս աճ
prev Նախորդ նորություն

Բլոգեր Լապշինը նամակ է գրել Իլհամ Ալիևին

Եվրոպական դատարանի կանոնների համաձայն՝ ես ինքս պետք է Ադրբեջանին տրամադրեմ «Արցախբանկի» հաշվեհամարի տվյալները՝ իմ նկատմամբ խոշտանգումների և սպանության փորձի համար 30 հազար եվրո փոխհատուցում վճարելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:


«Ես դրանք ուղարկում եմ չորս հասցեներով, որպեսզի նրանք չկարողանան ձևեր թափել, թե՝ «օյ, բայց մենք նամակ չենք ստացել» կամ «մեր փոստատարը հիվանդացել է»: Ես նամակն ուղարկում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արդարադատության նախարար Ֆիքրատ Մամեդովին, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովին և անձամբ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովին: Ամենը, ինչպես մեծերի մոտ՝  պատվիրված նամակ, ծանուցումով: Դե, բնականաբար, իմ ստորագրությունը կլինի նամակի բոլոր բնագրերում:


Կարծես թե վատ չէ՞», - գրել է բլոգերը:


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ թողեց ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր էին ճանաչվել բլոգերի անօրինական ձերբակալման, Բաքվի բանտում նրա նկատմամբ խոշտանգումներ և սպանության փորձ կատարելու համար: Այսպիսով, դատարանը որոշեց, որ Բաքուն պետք է Ալեքսանդր Լապշինին վճարի 30 հազար եվրո:


Բլոգերը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերին: Ադրբեջանի խնդրանքով նրան տեղափոխել էին Բաքու: 2011 թվականին Լապշինը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում» ՝ Լեռնային Ղարաբաղ կատարած իր ուղեւորությունների պատճառով:


Ավելի վաղ Լապշինը հայտնել էր, որ ինքը հաշիվ է բացել "Արցախբանկում"՝ Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշմամբ Ադրբեջանից 30 հազար եվրո փոխհատուցումը ստանալու համար: