Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին:
Կառավարության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին՝ նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ ընդգծելով, որ վերջինիս հետ կքննարկեն հետագա համագործակցության ճիշտ և արդյունավետ ձևաչափ գտնելու հարցը:
Նիկոլ Փաշինյանն այնուհետև շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և խոսել նշանակման հետ կապված մամուլում հնչած արձագանքների մասին. «Պարոն Խաչատուրյանն այն սերնդի ներկայացուցիչն է, ովքեր Կարեն Դեմիրճյանի առաջնորդության ժամանակներում անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի արդյունաբերականացմանը: Եվ ուզում եմ ընդգծել այս համատեքստը, որ խորհրդային ժամանակներում՝ 70-ականներին և 80-ականներին, Հայաստանի Հանրապետությունն, իրոք, այն ժամանակվա չափանիշներով եղել է բարձր արդյունաբերական երկիր»:
Վարչապետի խոսքով, չնայած այսօրվա միջավայրն էականորեն տարբերվում է այն ժամանակվա միջավայրից, այնուամենայնիվ նախարարության ստեղծման նպատակը եղել է նաև Հայաստանը բարձր արդյունաբերական երկիր դարձնելը. «Նաև սա է պատճառը, որ կարևորում և առաջնահերթություն ենք համարում մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը և պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունն սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ: Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով: Իհարկե, հասկանալի է, որ սա ոչ միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգն է, դա ամբողջ կառավարության և մեր պետական համակարգի օրակարգն է:
Նաև հույս ունեմ, որ 21-րդ դարում ի հայտ եկած տեխնոլոգիական նոր ուղղությունները՝ թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ոլորտի բավական լավ դինամիկան, որ մենք այսօր ունենք Հայաստանում, այդ ամենը նախարարը կկարողանա համադրել և ոլորտի առաջամարտիկներին համախմբել նախարարության շուրջ, ընթանալ արդյունավետ քայլերով դեպի այդ նպատակի իրագործումը»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է կատարված աշխատանքի շարունակականության ու ժառանգականության ապահովման սկզբունքը. «Բնականաբար, յուրաքանչյուր գործիչ, յուրաքանչյուր պաշտոնյա ունի նաև իր անհատական մոտեցումը, անհատական ձեռագիրը: Բայց նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում լինի շարունակական, և մենք կարողանանք նույն ուղղությամբ շարժվել՝ ավելի արդյունավետ, ավելի մեծ քայլերով և օրակարգը հարստացնել ու ավելի նպատակաուղղված դարձնել մեր գործողությունները»:
Հայկ Չոբանյանն իր խոսքում նշել է, որ այս ամիսների ընթացքում նախարարության աշխատակազմին հաջողվել է ձևակերպել հիմնական սկզբունքներն ու ռազմավարական ուղղությունները, որոնք հենված են մի քանի կարևոր սյուների վրա: «Առաջինը՝ Հայաստանի ապագան, հաջողությունը և հաղթանակը մեծապես պայմանավորված է հենց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հետ։ Այդ ոլորտի ներկայացուցիչները՝ նախարարությունից, խոշոր ձեռնարկություններից, մեր խոշոր ձեռներեցներից մինչև ստարտափեր և դպրոցահասակ երեխաներ, ովքեր երազանքով ինժեներությամբ են զբաղվում և իրենց ապագան կերտում, այդ մարդկանցից ու բոլորից է իրականում կախված, և նախարարությունը պետք է իր առաջնորդությունն անի այդ կոնտեքստում»։
Կարևորելով Սփյուռքի, հատկապես՝ տեխնոլոգիական համայնքի էական ու հանգուցային նշանակությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում, Հայկ Չոբանյանը նշել է. «Մենք այս ոլորտը դիտարկում ենք և այս ամիսների ընթացքում քննարկել ենք որպես ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական ոլորտ, և դա ևս պայմանավորված է Սփյուռքի մեծ դերակատարությամբ, որովհետև մեր ձեռնարկությունների մեծ մասը կամ Սփյուռքի մասնակցություն ունեն կամ գլխամասերը գտնվում են Սփյուռքում, մասնաճյուղերը՝ Հայաստանում, և անհնար է առանց այս մոտեցման առաջ գն ալ մեծ հաջողությունների հասնելու համար»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը նախ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և նշել. «Ես հասկանում եմ, թե ինչ պատասխանատու աշխատանքի եմ անցել և, թե ինչ սպասելիքներ կան։ Բոլորս հնարավորություն ունենք մասնակցել Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Իմ նախկին գործունեությունն ուղղված է եղել միայն դրան՝ անկախ նրանից, թե ես ինչ կարգավիճակով եմ եղել։ Այժմ այն կարգավիճակում, որում հայտնվել եմ, շատ ավելի պատասխանատվություն եմ զգում։ Եվ ա? ?ն սպասելիքները, որոնք ունի կառավարությունն իր ծրագրերում և այն սպասելիքները, որ հասարակությունն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, մենք ուղղակի պարտավոր ենք դրանք իրականացնել:
Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք և համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք»:
Վահագն Խաչատուրյանի հավաստմամբ, կառավարության բոլոր ռազմավարական ծրագրերը շարունակական կլինեն և այն, ինչ արվել է նախկին ղեկավարության ժամանակշրջանում, կառավարության աջակցությամբ կշարունակվեն և կհասցվեն իրենց հանգրվանին:
Ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մի քանի դիտարկում է կատարել՝ կապված աշխատատեղերի համալրման, մասնագետների վերապատրաստման, միջոլորտային համագործակցության հետ: