«Հայ-Հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդը Հայաստանում է Մհեր Մկրտչյանի թողած ժառանգության հիշատակմանը նվիրված նախագծի կազմակերպման համար:
Անանդը վրացի կինոպրոդյուսերի հետ համատեղ վավերագրական ֆիլմի համահեղինակ է, որը պատմում է լեգենդար հայ դերասանի և նրա` հնդկական ֆիլմերում ունեցած դերի մասին: Նկարահանումներից դուրս մենք արագ հարցազրույց ունեցանք նրա հետ:
"Այս տարի, «Հայ-հնդկական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 10 տարին: Բացի այդ, հաջորդ տարի Հնդկաստանը կնշի իր Անկախության 75-ամյակը, որի համար Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է մեկամյա ծրագրերի շարք: Տոնակատարությունների շրջանակում մենք համագործակցում ենք վրացի կինոպրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլիի հետ ՝ Հայ և միջազգային հանդիսատեսին հնդկական ֆիլմերում Ֆրունզիկ Մկրտչյանի ներգրավվածության պատմությունը նրկայացնելու համար: Վավերագրական ֆիլմը կոչվում է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» , որում Հնդկաստանի, Հայաստանի և Վրաստանի հայտնի հասարակական դեմքեր կպատմեն դերասանի կյանքի ու նրա հետ ունած իրենց կապերի մասին: Իհարկե, հիմա չեմ կարող բացահայտել այն մարդկանց անունները ովքեր կլինեն ֆիլմում, սակայն հանդիսատեսին անակնկալ է սպասվում",-պատմում է նա:
Իսկ թե ինչո՞ւ որոշեց ֆիլմ նկարահանել Ֆրունզիկի մասին հարցին Ռանանջայ Անանդը ասում է, որ Մհեր Մկրտչյանը Հայաստանի լավագույն դերասաններից մեկն է։
"Տարիներ առաջ ոգևորվեցի, երբ իմացա, որ նա նկարահանվել է նաև հնդկական երկու հայտնի ֆիլմերում: Սակայն, երբ այցելեցի Հայաստան, զարմացա, որ շատերը չգիտեն այս մասին: Հետևաբար, երբ իմ ընկեր Դավիդը ինձ հետ կիսվեց վավերագրական ֆիլմ ստեղծելու իր գաղափարով, ես և իմ կազմակերպությունը ուրախ էինք նպաստել դրա նկարահանմանը: Կարծում եմ, որ ֆիլմը հաղորդակցության ամենաուժեղ միջոցներից է, և այս վավերագրական ֆիլմը հսկայական դեր կխաղա Հնդկաստանի, Հայաստանի ինչպես նաև Վրաստանի միջև կապերի ամրապնդման գործում: Ե՞րբ է ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 14 -ին, երեկոյան ժամը 19 -ին, Երևանի Մոսկվա կինոթատրոնում: Բացի նրանից, որ միջոցառմանը ներկա են լինելու Հնդկաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր, ՀՀ կառավարության և Հայաստանում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչություների անդամներ , մուտքը ազատ է լինելու հանրության համար ևս":
Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ ծնվել է, երբ 2009 թվականին հանդիպել է կնոջսը՝ Ռուզաննա Աշուղյանին: Այն ժամանակ Հայաստանում հնդիկների և Հնդկաստանում հայերի մասին բավական տեղեկացվածություններ չկային, նույնիսկ չէր գործում պատշաճ վիզային ռեժիմ: Հայ-հնդկական հարաբերություները սերտացնելու համար գրանցեցին «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն և սկսեցին համագործակցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ մշակութային և կրթական տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում: Սերտ համագործակցել են նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանատան հետ։ Տարիներ անց Երեւանում հիմնադրել են նաև Հնդկական Մշակութային Կենտրոնը, որտեղ հայերը կարող են սովորել հնդկական լեզուներ, պար, երգ, յոգա, հինա և այլն. "Ինչպես տեսնում էք, իմ կապը Հայաստանի և հայերի հետ ունի ավելի քան 10 տարվա պատմություն",- ասում է նա:
"Թեպետ հայ-հնդկական հարաբերությունները գալիս են դեռ հին ժամանակներից, կարծում եմ, որ դրա ողջ ներուժը մնում է չօգտագործված: Ունենք հայ-հնդկական տնտեսական կապերի խթանման մեծ անհրաժեշտություն, ինչը կօգնի համապատասխանաբար ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Տարիների ընթացքում երկու երկրների միջև կնքվել են բազմաթիվ փոխըմբռնման հուշագրեր, սակայն դրանք ընդհանուր առմամբ մնացել են թղթի վրա: Ներկայիս աշխարհաքաղաքական նկարագրի պայմանաններում մեր երկրների շահերը համընկնում են ավելի քան երբևէ, ուստի մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ",- հավելում է Ռանանջայ Անանդը։