VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշանակել պաշտպանության նախարար: Նշենք, որ դեռ ամիսներ առաջ խոսակցություններ կային, որ Բաբայանը` հատկապես Աննա Հակոբյանի մեծ ցանկությամբ ու հորդորով հավակնում է դառնալ նախարար, սակայն այս ընտրությունները, ըստ երեւույթին, Սամվել Բաբայանի համար վճռորոշ էին»:
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ խորհրդարան չձեւավորած` Նիկոլ Փաշինյանն արդեն պատրաստում է կառավարության կադրերին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նախեւառաջ խնդիր կա օր առաջ լուծել ՀՀ արտաքին գործերի նոր նախարարի նշանակման հարցը: Այս անգամ որոշում է կայացվել նախարար գտնել, ոչ թե դիվանագիտական կորպուսից, այլ յուրայինների շրջապատից: Փաշինյանն այս հարցում ամենավստահելին համարում է Աժ յոթերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Իսկ թե ովքեր կլինեն փոխնախարարները դեռ հայտնի չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդույթի համաձայն՝ Կոտայքի մարզը եղել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո, եւ ԲՀԿ-ն այս մարզում գրեթե բոլոր ընտրություններին առաջատարն է եղել․ 2017-ին, օրինակ, ՀՀԿ-ն հաղթել էր բոլոր մարզերում, բացի Կոտայքից, որտեղ ԲՀԿ-ն էր առաջատարը։ Միայն հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին այս ավանդույթը խախտվեց, եւ ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին»։ Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով եւս Կոտայքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ստացել է 63 հազար 388 ընտրողի քվե կամ ձայների 52.51 տոկոսը։ Երկրորդ տեղում Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ ստացել է 25 հազար 622 քվե կամ 21.23 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն երրորդ տեղում է՝ 9 հազար 760 ձայնով կամ ընտրողների 8.09 տոկոսի քվեով։ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 4 հազար 282 քվե կամ ձայների 3.55 տոկոսը։ Արձանագրենք, որ ստեղծման պահից՝ 2004 թվականից սկսած, սա առաջին խորհրդարանական ընտրությունն է, որի ժամանակ ԲՀԿ-ն չի անցել խորհրդարան։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ստացել է 50 հազար 416 ձայն՝ քվեների 3,96 %-ը։ Մինչդեռ 2007 թվականի ընտրություններում ստացել էր 204 հազար ձայն, 2012 թվականին՝ 454 հազար, 2017-ին՝ 428 հազար, իսկ 2018-ին՝ 104 հազար ձայն>:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական երկու ուժեր՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չհաղթահարեցին անհրաժեշտ շեմը խորհրդարան մուտք գործելու համար: Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր 80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ, ահա, խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, 103 801 ձայնի փոխարեն այս անգամ ստացել էր 50 419 ձայն: Այսպիսով, բոլոր ուժերի քվեները պակասել են: Նկատենք՝ սա առաջին դեպքն է իր ձեւավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան: Իհարկե, այս հանգամանքի պատճառները կարող են տարբեր լինել՝ մրցակիցներ, քարոզարշավ եւ այլն, սակայն փաստը մնում է փաստ: Հետաքրքիր է, որ ԼՀԿ-ն արդեն հայտարարություն է տարածել եւ, ըստ էության, ընդունել է ընտրությունների արդյունքները, իսկ ԲՀԿ-ն՝ դեռ ոչ: Մեր տեղեկություններով՝ երեկ երկու ուժերի ներկայացուցիչներն էլ քննարկումներ են ունեցել, թե ինչպես պետք է իրենց դրսեւորեն արդեն որպես արտախորհրդարանական ուժ, եւ նրանք քաղաքական դադար են վերցնում: Եթե ԲՀԿ-ն չորրորդն էր, ապա ԼՀԿ-ի համար այս արդյունքները շատ անակնկալ են եղել, հատկապես եթե հաշվի առնենք, որ նորաստեղծ «5165» շարժումը ավելի շատ ձայն է ստացել, քան իրենք: Ավելի շատ ձայն է ստացել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը տարիների պատմության մեջ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլեւս իրողություն են: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։ Ի՞նչ է սպասվում այժմ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփելու է հունիսի 28-ին, եւ այդ օրն էլ վերջնականապես պարզ կլինի՝ խորհրդարան անցած ուժերը որքան մանդատներ կստանան։ Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն կստանա 72 մանդատ, «Հայաստան»-ը՝ 27, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 32-րդ հոդվածն ասում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը»: Այսպիսով, նոր խորհրդարանը կազմավորված համարվելու է հունիսի 28-ին, իսկ երկրորդ երկուշաբթին հուլիսի 5-ն է, այսինքն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 5-ին: Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Ցուցակում տարիքով ամենաավագը Հովիկ Աղազարյանն է, սակայն հայտնի չէ՝ նա խորհրդարան կմտնի, թե ոչ։ Նշենք, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սակայն նկատենք՝ երեկ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել եւ հայտնել ընտրությունների արդյունքների վիճարկման մասին՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելու տարբերակը: Այս դեպքում ժամկետները կարող են փոփոխվել՝ մինչ ՍԴ-ի կողմից համապատասխան դիմումի քննությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ Սահմանադրական դատարանն այս գործերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կերկարի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ հիմնավոր կասկածներ ունեն, որ վարչական ռեսուրս է կիրառվել, եւ կարծում են, որ վարչական լծակների օգտագործման դեպքերն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Նշենք, որ այդ լծակներից մեկն էլ զինվորականների՝ իշխանության օգտին քվեարկելու պարտադրանքն էր եւ քաղաքացիական անձանց ուղեկցությամբ նրանց դեպի ընտրատեղամասեր ուղղորդելու դեպքերը։ Երեկ Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգեւատրել» են 5-հազարական դրամով։ Այս իշխանությունն անգամ Շուռնուխը չխնայեց, որտեղ քվեարկել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, եւ դա էր պատճառը, որ Շուռնուխում իշխող ՔՊ-ն հաղթել էր՝ ստանալով 51 ձայն եւ հանրապետությունով մեկ խայտառակելով շուռնուխցիներին։ Այս «ուրախալի» լուրը վարչապետի գլխավոր խորհրդական, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ։ Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, պարզ է, թե հիմա ինչ կամայականությունների ենք ականատես լինելու։ Արդեն իսկ․ հարգված բժշկին, ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին անհիմն ձերբակալեցին, դատարանը բաց թողեց, հիմա՝ իշխանությունների հավերժ սպասարկու Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն պատգամավորության կարգավիճակ ունեցող անձին զրկել է անձեռնմխելիությունից, որ Փաշինյանի մեկ այլ սպասարկու՝ դատախազությունը, քրեական հետապնդումը շարունակի։ Կալանավորել են նաեւ «Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանին, որի մեղքն այն է, որ հունիսի 9-ի ուղիղ եթերում «անդրադառնալով ՀՀ եւ ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի եւ այն անձանց հասցեին, ովքեր ընտրությունների ընթացքում կքվեարկեն ԺՊ-ի օգտին»։ Նրան մեղադրում են խուլիգանության համար, որի պատիժն ընդամենը տուգանք է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ, տեսանյութեր, դիտորդական խմբերի ու վստահված անձանց կողմից հնչած ահազանգեր այն մասին, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, ապօրինություններ, ընդհուպ՝ զինվորներին բացահայտ ուղղորդելու դեպքեր։ Սակայն ուշագրավ է, որ ՀՀ տարածքում գործող և մեծամասամբ արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնք ժամանակին Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրությունների ժամանակ նույնիսկ ամենափոքր դիպվածի առնչությամբ կուրծք էին ծեծում և աղաղակում էին ընտրախախտումների մասին, այս ընտրությունների ժամանակ լիակատար լռություն էին պահպանում՝ չարձագանքելով գեթ մեկ ահազանգի։ Ավելին, այդ ՀԿներից մեկի ներկայացուցիչը ընտրատեղամասում ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ նույնիսկ սադրիչ գործողություններ էր իրականացնում՝ ակնհայտորեն սպասարկելով Փաշինյանի ու նրա թիմի շահերը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորմամբ այդ կառույցները առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա ռեժիմով հիացմունքի հայտարարություններ են անելու ընտրությունների «անաչառության, բարձրակարգության ու անթերիության մասին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին, որպեսզի նրանցից որեւէ մեկի մտքով չանցնի լքել թիմը։ Եթե մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը եւ ստիպված պետք է լինի համագործակցել 2 ընդդիմադիր ուժերի հետ, որ օրենքներ անցկացնի։ Իսկ ընդդիմությունն այս անգամ շատ արմատական է տրամադրված եւ տարբերվելու է ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ նրանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու։ Ինչպես հայտնի է, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների թվի 2/3-ով, ապագա խորհրդարանում 107 պատգամավոր կլինի, 2/3-ը կկազմի 71 մանդատ, հենց այդքան էլ ՔՊ-ն պատգամավոր կունենա ԱԺ-ում։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների համար եւս 2/3 է պահանջվում։ Այսինքն, բացի Սահմանադրության մեջ փոփոխություններից, կարող են իրենց ուժերով ցանկացած օրենք ընդունել, եթե, իհարկե, կարողանան խմբակցության միասնականությունը պահպանել։ Նշենք նաեւ, որ եթե ընդդիմադիրները չհրաժարվեն մանդատներից, ապա ԱԺ 2 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, 11 մշտական հանձնաժողովներից էլ 3-4-րդը կհասնի ընդդիմությանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական այն ուժերը, որոնք ներգրավված էին այս ընտրություններում բացառապես որպես ՔՊԿ կլոն ուժեր և նպատակ ունեին նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, արդեն հայտնել են իրենց գոհունակությունը, չնայած գոնե մոտավորապես էլ չեն մոտեցել անցողիկ շեմին: Ընդդիմադիր հիմնական ուժերն առնվազն վիճահարույց են համարել ընտրությունները, իսկ «Հայաստան» դաշինքը նույնիսկ հայտարարել է ՍԴ դիմելու մասին: Իսկ ի՞նչ կարծիք ունի փորձագիտական հանրությունը: Փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում այս ընտրությունները որակեց որպես խայտառակ՝ հավելելով, որ, իր կարծիքով, նման վատ ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել: «Այս պահից սկսած ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,- ասաց Ա. Սարգսյանը: Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ կարծում է, որ այս ընտրությունների ժամանակ չափազանց մեծաթիվ ընտրախախտումներ են եղել: Նրա համոզմամբ, այս ամենը ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար այս իշխանությունը ոչնչի առջև չի կանգնի, և դրա համար էլ ընտրակեղծիքների շատ լայն սպեկտոր կիրառվեց: «Հասարակության երկփեղկվածությունն ավելի է խորանալու, անվտանգության որևէ հարց խորհրդարանի և դրանից բխող կառավարության կազմով չի լուծվելու: Համոզված եմ, որ այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու»,նշեց Ա. Ենոքյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ինտենսիվ շարունակություն է ստանում հանրության տարբեր շերտերի որակումներ տալը: Իրականում ի՞նչ ցույց տվեցին այս ընտրությունները: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը «հաջողեց» լուծել իր համար ամենակարևոր խնդիրներից մեկը. նա կապիտուլ յացիայի, հազարավոր զոհերի, կորսված տարածքների իր, բացառապես իր մեղավորությունը Հայաստանի քաղաքացիների 20-25 տոկոսի միջոցով «54 տոկոս» փաթեթավորմամբ բարդեց «ժողովրդի» վրա: Ինչո՞ւ 20-25 տոկոս: Որովհետև ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 50 տոկոսը, իսկ նշյալ «54 տոկոսը» հենց այդ հիսուն տոկոսից է: Եթե դրան գումարում ենք, որ այս ընտրություններն արդեն որակվել են որպես Հայաստանի պատմության մեջ ամենավիճահարույցը, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահել է մեր քաղաքացիների մոտ 20-25 տոկոսի քվեով: Այդուամենայնիվ, անկախ վերը նշված հանգամանքներից, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրել, որ, նույնիսկ հավանական ընտրախախտումները չհաշված, մոտ 500-600 հազար ՀՀ քաղաքացի քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի օգտին, անկախ նրանից՝ դա արել են ստիպված, հարկադրված, թե ի սրտե: Այսինքն, այդ մարդիկ պատրաստ էին Փաշինյանի հետ կիսել խայտառակ պարտության, հազարավոր զոհերի, հայրենիքի մի մեծ հատվածի կորստի, անվտանգության խարխլման մեղքն ու պատասխանատվությունը: Եվ նույնիսկ այդ պարագայում հանրությանը որակումներ տալը լավագույն ճանապարհը չէ: Ու դա վերաբերում է բոլոր կողմերին: Մենք այլ ժողովուրդ չունենք, լավ թե վատ, սա մենք ենք՝ տարբեր շերտերով, մտավոր տարբեր ունակություններով, տարբեր պատկերացումներով, իրականության տարբեր ընկալումներով: Պարզապես հարկավոր է եզրակացություններ անել ու ճիշտ աշխատել հանրության հետ՝ նրա մի հատվածին «նիկոլիզմի» մակարդակից փրկելու համար»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը` կվարի պատգամավորներից ամենատարեցը: «Իրավունքի» տեղեկություններով` այս անգամ այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը` 70-ամյա Վիգեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ կոմունիստական անցյալով Վիգեն Խաչատրյանը 1990 թ.-ին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ապա 1995 թ.-ին ընտրվել ԱԺ պատգամավոր: 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը եւ դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Իսկ 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու»:
«168 ժամ» թերթը գրում է. «2018 թվականին ու դրանից հետո Հայաստանում հռչակվեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստվածություններն ու ավերումները կատարվեցին ժողովրդի անունից ու ժողովրդին հղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնվող այն զեղումները, թե «ժողովուրդն իմաստուն է» և «ժողովուրդը չի սխալվում»։ Կյանքն անողաքաբար ցույց է տվել ու ցույց է տալիս, որ ժողովուրդը ոչ միայն հեռու է իմաստնությունից, այլ սխալվում է անդառնալիորեն, բայց քանի որ ժողովրդին հաճոյանալու հաղթաշավը շարունակվում է, այն ոչ միայն սխալներից հետևություններ չի անում, այլ գործում է նորանոր, ավելի սարսափելի սխալներ։ Կիրակի օրը կայացած ընտրություններում այդ նույն ժողովուրդը ցույց տվեց, որ մենք դեռևս չենք հասել անկման հատակին, ինչպես թվում էր շատերին, և, որ դեռ ճանապարհ կա մինչև անդունդի ստորին կետը։ Ժողովուրդն ընտրեց այդ անկման արագացումն ու անշրջելիությունը։ Ժողովուրդը կատարեց կործանման ընտրություն։
Եվ քանի որ ժողովրդի կեղծ կուլտին զուգահեռ՝ Հայաստանում սերմանվել է նաև լեգիտիմության նույնքան կեղծ պաշտամունք, կարելի է արձանագրել, որ ժողովրդի կործանարար ընտրությունը լեգիտիմ է։ Բովանդակության փոխարեն՝ ձևով առաջնորդվող հայ հասարակությունն այդպիսով կշարունակի վայելել աննախադեպ լեգիտիմության մասին իրեն հրամցվող խայծը՝ պողպատե մանդատ տալով իր ընտրյալներին՝ շարունակելու Հայաստանի կապիտուլյացիան, ադրբեջանական ցուցումով կատարելու սահմանազատումներ, վերադարձնելու կամ փոխանակելու անկլավները, վերջնականապես հրաժարվելու Արցախից, Երևան հրավիրելու Ալիևին․․․ Աշխարհի բոլոր աննախադեպությունների կենտրոն Հայաստանում այդ իմաստուն ժողովուրդը կատարեց ընտրություն, որի առթիվ գիշերային հրավառություններ հնչեցին երևանյան իշխող գրասենյակներում ու դրանցում աշխատողների շնորհիվ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում։ Հայ ժողովուրդը կատարեց ընտրություն, որը պատերազմում հաղթանակից հետո երկրորդ բերկրանքը պարգևեց 5000 հայորդիների սպանած Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսպիսով, հազարամյա հայ ժողովուրդը կատարեց մուրճահպատակ ընտրություն, որը մուրճախաղացից ավելի ուրախացրել է Ալիևին ու Էրդողանին։ Այս փաստերի ու համընկնումների արձանագրումը, սակայն, մոդայիկ չէ ժողովրդի պաշտամունքի հարթությունում, հատկապես, որ ժողովրդին ճշմարտությունից պաշտանողների պակաս հիմա չի զգացվում։ Լայն իմաստով, այս ընտրությամբ ժողովուրդը դավաճանեց պետությանը՝ ընտրելով առանց պետություն կյանքը, հնարավոր է՝ համեմատաբար ավելի կուշտ։ Անկախ ամեն ինչից, իհարկե, պետք է հարգել ժողովրդի կարծիքը։ Մեկ րոպե լռությամբ»: