VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքների հաստատումից հետո, ըստ էության, կմեկնարկի Ազգային ժողովի ձեւավորման փուլը: Դրանից հետո հայտնի կդառնա, թե իշխանական թեկնածուներից ովքեր կգան խորհրդարան, ովքեր պաշտոններ կստանան, իսկ ընդդիմադիր թեկնածուների դեպքում էլ՝ ովքեր կհրաժարվեն մանդատներից: Արդեն դրանից հետո խորհրդարանի ձեւավորման աշխատանքներ կիրականացվեն հենց ներսում: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից: Այս դեպքում ընդդիմադիր փոխնախագահի աթոռը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, ավելի կոնկրետ՝ ԱԺ փոխնախագահ կլինի Իշխան Սաղաթելյանը: Ազգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ: Մշտական հանձնաժողովները խորհրդարանական ուժերին տրվում է Դոնթի բանաձեւով: Այս պահին խորհրդարանում առկա է 11 հանձնաժողով. եթե փոփոխություն չլինի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 հանձնաժողով, «Հայաստան» դաշինքը՝ 2 հանձնաժողով, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 1 հանձնաժողով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ստացած քվեների՝ նախնական տվյալներով, ՔՊ-ն կունենա 68 կուսակցական պատգամավոր, 3 ներկայացուցիչ՝ ազգային փոքրամասնություններից, ինչն օրենքի պահանջն է։ Կրկին ՔՊ խմբակցության մեջ կլինեն եզդիների ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, ռուսներից՝ Ալեքսեյ Սանդիկովը, ասորիների ներկայացուցիչը կլինի «Հայաստան» դաշինքի քվոտայով։ ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակից ԱԺ է անցնելու անգամ 90-րդ համարը, քանի որ մարզպետ-քաղաքապետ- թաղապետ-նախարարները կտեղափոխվեն գործադիր։ Որոշ տեղեկություններով, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է ԱԺ-ում էլ մնա։ Փոխարենը գործադիր կգնա Ռուբեն Ռուբինյանը՝ արտգործնախարար։ Ցուցակի ամենավերջինը՝ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ ոլորտում բարձր պաշտոն կստանա։ Հին ՔՊ-ական դեմքերի կողքին կհայտնվեն Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, «Կառավարական ամառանոցներ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀԺ հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տիրուհի Լիլի Մինասյանը, ով ավելի վաղ ԱԺ աշխատակազմն էր ղեկավարում, Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը, Արայիկ Հարությունյանի սանիկ Դավիթ Դանիելյանը՝ ՊՎԾ պետի օգնականը, Երեւանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը, ով բժշկական քոլեջ է ավարտել եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ավագ բուժքույր է։ Չի բացառվում, որ պատգամավոր դառնա նաեւ ցուցակի 93-րդը՝ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը։Ի դեպ, խորհրդարանի անդրանիկ նիստը, ըստ կարգի, վարում է ամենաավագ պատգամավորը, այս դեպքում՝ քրդերի ներկայացուցիչ 76-ամյա Կնյազ Հասանովը, ով նաեւ 2018-ի անդրանիկ նիստն է վարել։ ԱԺ նախագահի մասին իշխող թիմում դեռ վերջնական որոշում չկա, թեկնածուները շատ են՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությանը 3 տարի պառակտած եւ ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո որոշել է հանրային համերաշխություն հաստատել քաղաքական դաշտում։ Եվ դա անել ոչ թե իր հետ անհաշտ արմատական ընդդիմության, իրեն մերժող ՀՀ քաղաքացիների հետ, այն անձանց հետ, ում վիրավորել է ու վարկաբեկել, այլ «իր տակ պառկած», իրեն հլու-հնազանդ ուժերի, որոնց հետ առանց այդ էլ համերաշխ էր։ Երեկ նա՝ ընտրությունների թանաքը դեռ չչորացած, ընդունել է մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ԱԺ չեն անցել․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքի անդամներ Լեւոն Շիրինյանին եւ Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին։ Նրանց, հավանաբար, պաշտոններ կառաջարկի»:
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջեւանի քաղաքապետ: Պարզվում է՝ Սիփան Փաշինյանն իսկապես նման երազանքներ ունի, որոնք էլ իրենց հերթին շուտով ի կատար կածվեն: Մեր տեղեկություններով՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ Իջեւանում զբաղեցնում է քաղաքապետի ստվերային ղեկավարի պաշտոնը: Իջեւանի մեր աղբյուրի պնդմամբ՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ քաղաքապետարանում սեփական ցանկությամբ աշխատանքներ է իրականացնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը, որը, մեր տեղեկություններով, երեկ հաստատվել է։ Ավելին՝ այժմ վարչական շրջանի նոր ղեկավարի փնտրտուքներ են ընթանում։ Մենք տեղեկացանք որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ դիմել է կուսակցություն թեկնածու ներկայացնելու համար։ Այս պահին հավանական թեկնածուներ կան, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացել։ Նշենք, որ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ՝ ուրբաթ օրը, Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպն է եղել ՔՊ-ականների հետ։
«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվում են լուրեր, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն Արցախում աչքի ընկավ նախ՝ բացահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակությամբ, հնարավոր է, որ Աննա Հակոբյանի հետ սերտ կապերի հաշվին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությունյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, համաձայն տարաբնույթ խոսակցությունների, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղություններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարությունյանին փոխարինելու գա սորոսականների հետ դաշինքի մեջ մտած Բաբայանը: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց.
- Ինձ որևէ մեկը առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել:
- Բայց ահա նման առաջարկի թեմայով ֆլեշմոբ են սկսել նաև Ձեր կողմնակիցները:
-Ես, անկեղծ, տեղյակ չեմ, թե ովքեր են շահագրգռված և ինչքանով են անկեղծ: Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը՝ լրիվ այլ: Այս պահին նման առաջարկ չի եղել:
-Եթե նման առաջարկ այնուամենայնիվ լինի, կընդուն՞եք:
-Եթե կլինի, ապա կմտածեմ:
-Պարոն Բաբայա՛ն, խնդրում ենք նաև Ձեր դիտարկումը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված:
-Ես դա սխալ եմ համարում, և դրա մասին ես կբարձրաձայնեմ վաղը: Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի:
-Նման հարց ևս. ինչո՞ւ մեր ԶՈԻ-ն, համարժեք պատասխան տալով հետ չշպրտեց թշնամուն, երբ նոր-նոր էր փորձում սողոսկել դեպի Սև լիճ:
-Հայաստանը բանակ չունի, պետք է բանակ ունենանք: Քանի չենք հասել դրան, թշնամին հա էլ ոտնձգություններ է անելու:
-Այսօր մենք բանակ չունե՞նք, ըստ Ձեզ:
-Ես դա բազմիցս եմ ասել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո շարունակվում են տարատեսակ վերլուծությունները, թե, ի վերջո, ինչի հետ էր կապված ընտրություններում այսպիսի պատկերն ու գործող իշխանությունների վերարտադրությունը: Խոսենք թվերի լեզվով. ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։ Ընտրությունների արդյունքներում Նիկոլ Փաշինյանը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը, «Հայաստան» եւ«Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը, փոշիացրել են իրենց ձայները 9.69%-ը։ Այս թվերն ինքնին խոսուն են. ստացվում է՝ ամբողջ ընտրողների միայն 26.49 տոկոսն է Նիկոլ Փաշինյանի ուժին ձայն տվել, սակայն նրանք մեծամասնություն են: Իրավիճակն առավել խորն է, երբ ուսումնասիրում ես տվյալները՝ ըստ տարածքների: Երեւանում ընտրության է մասնակցել 675 194 մարդ, որից 345 հազարը ձայն է տվել ՔՊ-ին, իսկ 92 940-ն էլ՝ «Հայաստան» դաշինքին: Երեւանը միակ ընտրատարածքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձայները չեն գերազանցել 50 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն ամենամեծ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ապա հաջորդում է Գեղարքունիքի մարզը՝ 66.26 տոկոս ձայնով, եւ Շիրակը՝ 65.11 ձայնով: 2019 թվականի տվյալների համաձայն՝ Գեղարքունիքում աղքատ է բնակչության 43.5 տոկոսը, իսկ Շիրակում՝ 48.4 տոկոսը: Այս երկու մարզերը Նիկոլ Փաշինյանին ամենից շատ ձայն տված տարածքներն են: Երեւանում աղքատ է բնակչության 14.1 տոկոսը, որտեղ անգամ 50% ձայն չի հավաքել Փաշինյանը: Ամեն դեպքում անհրաժեշտ է ֆիքսել՝ Փաշինյանը ընտրվեց 26.49 տոկոսի կողմից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքների մասին որոշում կընդունի ընտրության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն՝ հունիսի 27-ին։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի այդ որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ ՍԴ-ն այս գործերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի, եւ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա ոչ թե հուլիսի 5-ին, այլ ավելի ուշ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ մոտ ապագայում կառավարության եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից հետո զորքը դուրս կբերվի առաջնագծից։ Բանակցությունների փաստը երեկ հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն համաձայնությունը տվե՞լ է, Դավթյանը պատասխանել է. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետեւ կան հարցեր: Մեր նպատակն է՝ առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումը սահմանին, ու ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»։ Մեր ինքնիշխան տարածքն այլ պետության խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանությունից ակնհայտ է, որ միայն հայկական կողմի զորքն է հետ քաշվելու, եւ դժվար է ասել, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։ Տեղեկություններ կան նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը>:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետք է գործել սառնասրտությամբ». ուժային կառույցներին հենց այսպիսի հրահանգ է տրվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից պողպատե մանդատ ստանալուց հետո: Ինչպես հայտնի է, հաղթական հանրահավաքի ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Հիմա այս ամբիոնից պահանջում եմ բոլոր այն գործատուներին, ովքեր թույլ են տվել խախտումներ կամ կատարել են քայլեր, որոնց համար հաստատ արդեն փոշմանել են, հենց վաղը՝ առավոտ 9-ից, սկսեն վերականգնել մարդկանց իրավունքները»: