Մարդ-կուսակցությունների դարաշրջան. Սկիզբ, թե՞ վերջ
Անցած մեկ տարվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտը հարստացել է մի քանի կուսակցություններով, որոնք հստակ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր այն կուսակցությունները, որոնք քիչ թե շատ շանսեր ունեն մի քանի մանդատ ունենալու հաջորդ Ազգային Ժողովում, առաջնորդում են ներկայիս ԱԺ պատգամավորները:
Համաձայն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի՝ 2016 թվականի հունիսի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 73 կուսակցություն։
Հասկանալի է, որ ընտրություններին այս 73-ից միայն 10-15 տոկոսը, որ մասնակցություն կունենա, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ այն պետություններից մեկը, որտեղ մարդ- կուսակցությունները դեռ ակտուալ են: Օրինակ, Հայաստանում դեռ հիշում են ԱԻՄ-ը, քանի որ այն գլխավորում է Պարույր Հայրիկյանը, հիշում են Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որի առաջնորդ Խոսրով Հարությունյանը ներկայումս ՀՀԿ ցուցակով ԱԺ մանդատ ունի, երբեմն հիշատակվում է նաև «Ազատություն» կուսակցությունը, քանի որ Հրանտ Բագրատյանն էլ ԱԺ պատգամավոր է ՀԱԿ խմբակցությունից և այլն: Այս ցանկում կարելի է ներառել Գուրգեն Արսենյանին իր ՄԱԿ-ով, Խաչատուր Քոքոբելյանին՝ «Ազատ դեմոկրատներով», Արամ Կարապետյանին՝ «Նոր ժամանակներով» և այլն:
Ուշագրավն այն է, որ 2011 թվականին, այսինքն նախորդ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, Հայաստանում նորաստեղծ կուսակցությունների նման աստղաբույլ չէր նկատվում: Դրան մասնակցության հայտ ներկայացրեցին 2007-ից ԱԺ-ում ծվարած ուժերը և մեծ ձևափոխում կարծես տեղի չունեցավ: Ինչը չի կարելի ասել 2017 թվականի ընտրությունների մասին, քանի որ դեռ շատ հարցականներ կան: Մասնավորապես, արդյո՞ք բոլոր այն ուժերը, որ այսօր ԱԺ-ում ներկայացված են, կմասնակցեն ու ի՞նչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին: Օրինակ, ինչպե՞ս է մասնակցելու ՀՅԴ-ն ընտրություններին՝ ՀՀԿ հետ մեկ ցուցակով, թե առանձին, ի՞նչ է անելու «Բարգավաճ Հայաստանը», արդյո՞ք «Ժառանգությունը» կմտնի պայքարի դաշտ, և այլն: Այս հարցերի պատասխանները կհնչեն թերևս սեպտեմբերից հետո, իսկ մինչ այդ, կարծես, նոր կուսակցություն ձևավորվելու միտք որևէ մեկն այլևս չունի:
Մյուս հարցն էլ նրանում է, թե արդյո՞ք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ստեղծված կուսակցությունները՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վահան Բաբայանի Ռեֆորմիստները նույն ճակատագիրը չեն կրկնի և այդպես էլ չեն մնա մարդ-կուսակցություններ՝ փոխարինելով ավագ սերնդի գործընկերներին: