Արշավիր Ղարամյանը կոչ է անում քվեարկել «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների օգտին
Հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձան այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:
"Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու հոխորտանքի և օտարների խղճահարության առարկա։
Ըստ այդմ, հարգելիներս, դիմում եմ ձեզ․այս շրջադարձային պահին, նախքան քվեարկության խցիկ մտնելը, մտածե՛ք այն ընտրության մասին, որ կատարելու եք։ Գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիս ու բոլորիս ձայնը որոշիչ է լինելու Հայոց աշխարհի ապագայի համար։ Սա զուտ քաղաքական պրոցես չէ, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ճակատագրական են լինելու Հայոց պետականության համար։
Մենք՝ Արցախում, Հայաստանում, կամ Սփյուռքում, պետք է բոլորս անխտիր գիտակցենք, որ Հայրենիքի հզորությունը վերականգնելու, Արցախն ազատագրելու հնարավորությունների, հայի մեջքն ուղղելու համար ենք պայքարում։
Ես համոզված եմ, որ նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու «Հայաստան» (N24) և «Պատիվ ունեմ» (N6) դաշինքները, ուստի կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ ուժերից որևէ մեկին»,- ասված է հայտարարության մեջ։